Տուգանվել են 500 000-ական դրամով
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երևան» և «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500 000-ական դրամով` Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար:
Առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության ընթացքում է և հակամրցակցային համաձայնությանը մասնակից լինելու հանգամանքը պարզվում է:
Վերջին ընկերությունը` չնայած լայն սպառման շուկաներում գործող ընկերություններին նախաամանորյա շրջանում տրված հանձնարարությանը, որ գների ցանկացած բարձրացման դեպքում երկօրյա ժամկետում Հանձնաժողովին հիմնավորումներ ներկայացնեն, սահմանված ժամկետում տեղեկատվություն չի ներկայացրել: Ավելի ուշ Հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգն է պարզել, որ նորզելանդական կարագի գինը բարձրացել է: Անհրաժեշտ հիմնավորումները ներկայացված են:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ դեղորայքի շուկայում գողծող «Ֆետիդա Ֆարմ» ընկերությունում ստուգումներ են նշանակվել` հակամրցակցային համաձայնության կայացման կասկածանքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը պարզելու նպատակով:
Հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունից: