«Թելադրողը տնտեսական շահն է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ողջունում է հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ էրզրումցի գործարարների հայտարարությունը:
«Արևելյան Անատոլիայի արտահանողների միության» նախագահ Ջեմալ Շենգելը այսօր հայտարարել է, որ պետք է անցյալում թողնել հայերի և թուրքերի միջև կատարվածը ու շարժվել առաջ։ «Ես հասկանում եմ Արեւելյան Անատոլիայի գործարարներին: Նրանք հեռացված են Թուրքիայի կենտրոնից, իսկ Թուրքիայի տնտեսությունը հիմնականում կենտրոնացված է Անկարայում, Ստամբուլում եւ հարակից քաղաքներում: Այսօր Թուրքիան լուրջ տնտեսական խնդիրներ ունի իր կենտրոնից 700-800 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներում: Չնայած Թուրքիան 30 միլիոն դոլարի ծրագիր է ընդունել այդ տարածքները զարգացնելու համար, սակայն բիզնեսը ոչ թե մեխանիկորեն է զարգանում, այլ դրա համար մշակույթ է պետք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը:
Արեւելյան Անատոլին Թուրքիայի կենտրոնից հեռու է մոտ 1000 կմ, իսկ Հայաստանից` 300կմ: «Այսինքն, սահմանի բացման դեպքում` ավելի հեշտ է հաղթահարել 300 կմ, քան 1000 կմ: Թուրքիան հետաքրքրված չէ այդ տարածաշրջանի զարգացմամբ, քանի որ այդտեղ բնակեցված են քրդերով, սակայն ԵՄ-ի առաջ պարտավորություն է ստանձնել` համաչափ զարգացնել իր տնտեսությունը»,- նշեց պարոն Մակարյանը:
Շարունակելով թվարկել հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում հայկական կողմի ակնկալիքները` Գագիկ Մակարյանը նաեւ նշեց, որ Հայաստանից Եվրոպա ապրանք արտահանելու համար ճանապարհը Թուրքիայով շատ ավելի ձեռնտու է, քան Փոթիի նավահանգստով. «Այսօրվա ճանապարհը` Փոթիից նավով Ստամբուլ, հետո Եվրոպա, տեւում է 40-45 օր, եւ դա Հայաստանին ժամանակի առումով դարձնում է ոչ մրցունակ, իսկ Թուրքիայով մեր ապրանքը Եվրոպա հնարավոր է հասցնել 3-4 օրում: Բացի ժամանակից կա նաեւ գնային հաշվարկ Թուրքիայով հայկական ապրանքը Եվրոպա հնարավոր է հասցնել 10-14 տոկոս ավելի էժան, քան Փոթիով»:
Որպես դրական հանգամանք պարոն Մակարյանը համարում է այն փաստը, որ այսօր որոշ հայկական ապրանքներ մրցունակ են թուրքական շուկայում, հատկապես գյուղատնտեսական մթերքներ. «Թուրքիայի տնտեսությունը գերզարգացած չէ եւ պետք է չէ վախենալ սահմանի բացումից: Թուրքիան հիմնականում միջին մակարդակի արտադրանք է տալիս, բացի տասնյակ ֆիրմաններից, որոնք ներդրումների արդյունք են: Այսօրվա Թուրքիայի օրենսդրությունը այնքան էլ չի նպաստում բիզնեսի զարգացմանը, եւ կան թուրք գործարարներ, որոնք կնախընտրեն համատեղ բիզնեսով զբաղվել ՀՀ-ում»:
Սահմանի բացման դեպքում գործարարը վտանգ է տեսնում մեր փոքր եւ միջին բիզնեսի համար. «Այո, մենք ունենք 123 հազար փոքր եւ միջին ընկերություններ, որոնք դժվար են գոյատեւում եւ սահմանի բացման դեպքում, նրանց զգալի մասը կարող են չդիմանալ»:
Պարոն Մակարյանը գտնում է, որ եւ ՀՀ-ում, եւ Թուրքիայում, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի գործարարները կողմ են սահմանի բացմանը եւ կարող են իրենց դրական ներդրումն ունենալ հարաբերությունների բարելավման գործընթացում. «Վերջին հաշվով, քաղաքականությունը, դիվանագիտությունը կառուցված է տնտեսական շահով, այդ հարաբերություններում թելադրողը երկրների տնտեսական շահն է: Թուրքիայի դիվանագիտությունն այն է, որ արձանագրությունների վավերացումը ձգձգելով` փորձել որքան հնարավոր շատ օգուտներ քաղել»: