Եթե Առողջապահության նախարարությունը հետքայլ չանի, ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցը աշխատանքից դուրս կգա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չտեսանք հիմնավորումները, թե ինչո՞ւ պետք է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը միացվի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին»։
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, աշխատանքից ազատման դիմում գրած Էդուարդ Հովհաննիսյանը, ով խորհրդարանում մասնակցում էր այդ թեմայով աշխատանքային քննարկմանը։
Օրինակ բերելով տարածաշրջանի փորձը՝ բժիշկ-համաճարակաբանն ասաց, որ հետևանքները բացասական են եղել, երբ որ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի ծառայությունները միացվել են ինֆեկցիոն ծառայությանը։
«Արդյունքում, օրինակ, եղել են բուժման ընդհատումներ, այսինքն՝ դեղորայքի ապահովման ընդհատումներ։ Հայաստանը միակն է տարածաշրջանում, որը ոչ մի անգամ դեղորայքի ընդհատում չի արել, սկսկած 2005թ․-ից, երբ Հայաստանը սկսել է ՄԻԱՎ վարակի բուժումը։ Մենք կարողացել ենք այդ մոդելի շնորհիվ ճիշտ պլանավորել, կազմակերպել այդ մարդկանց բուժումը»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ՝ եթե երկու կենտրոնները միավորվեն, արդյունքում կառավարման պրոցեսը դանդաղելու է։
«Բացի այդ, այս հիմնարկը պարտավոր է լինել առանձին, որովհետև այն իրականացնում է ոչ միայն բուժման ֆունկցիաներ, այլև մենք իրականացնում ենք մեթոդական տեխնիկական աջակցություն բոլոր այն բուժհաստատություններում, որոնք գտնվում են Հայաստանում, մենք նաև աջակցում ենք Արցախի Հանրապետությանը»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը աշխատանքային քննարկմանն ասաց, որ կենտրոնների միավորումից որևէ բան չի տուժելու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքը մնալու է նույն տեղում, ընդամենը կառավարումն է միավորվելու, Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց, որ Կառավարության որոշման մեջ գրված է, որ շենքը վերցնելու են, բայց․
«Չի երևում, թե ում է փոխանցվում շենքը»- ասաց նա ու հավելեց, որ միայն բանավոր խոսքով է ասվում, որ ինչպես աշխատել ենք, այնպես էլ կաշխատենք։
Հարցին, թե ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանի հետ խնդիրներ ունե՞ն, պարոն Հովհանիսյանն ասաց, որ քննարկումներ նրա հետ չեն պատկերացնում, որովհետև Արթուր Բերբերյանը նշանակվել է հստակ որոշմամբ՝ կատարել Կառավարության պահանջը։
«Շահարկումներ են լինում, որ անձնական հարցեր են։ Նման բան չկա, մեր բողոքը միայն մասնագիտական դաշտում է»,- ասաց նա։
Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ օրեր առաջ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մոտ 90 աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են գրել, քանի որ արհարամարվել են, չի լսվել իրենց կարծիքը, և ճնշումների պատճառով։
«Ճնշում չի՞, երբ որ այս ոճով գալիս է նոր տնօրենի պաշտոնակատարը, ճնշո՞ւմ չի, երբ որ ինքը գալիս է մտնում սենյակներ, ասում է՝ հրամանները չկատարելու համար մեկ, երկու նկատողություն, և գործից կազատի»,- նշեց նա։
Մեր հարցին, եթե Առողջապահության նախարարությունը հետ քայլ չանի, վճռակա՞ն են տրամադրված, աշխատանքից դո՞ւրս են գալու, Էդուարդ Հովհաննիսյանը դրական պատասխանեց։
«Ցավոք, այո»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։