Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Այդ մարդու հետ կարմիր թելեր էիր կտրում, ո՞վ պետք է դրա պատասխանը տա․ Մարուքյանը՝ իշխանության ներկայացուցիչներին

«Անցումային արդարադատության համատեքստում սա մի մեխանիզմ է, որը պիտի կիրառվի, և այընտրանք չունի, բայց մեկ այլ կարևոր հանգամանք կա, որն ասում է՝ ավելի լավ է մեկ հանցագործ չպատժվի, քան մեկ անմեղ մարդ պատժվի, այս առումով մեր բարձրացրած հարցերը վերաբերում են երաշխիքներին»,- ԱԺ «Ապօրինի ծագում ունեցող գույքի  բռնագանձման  մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացք նմանում տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ երաշխիքներ պետք է ապահովվեն, որ որևէ անմեղ մարդ չտուժի, որպեսզի այս մեխանիզմը չդառնա «վհուկների որս»-ի գործիք:

Մարուքյանը կարծում է, որ 25 մլն դրամը շատ ցածր շեմ է, որի համար պետական մեծ ռեսուրսներ պետք է ծախվեն, որը հետո կպարզի՝ ապօրինի էր, թե ոչ:

Պատգամավորն առաջարկում է 25 մլնի շեմը դարձնել 50 մլն դրամ:

«Հայաստանում պետական գույքեր են սեփականաշնորհվել և դրանք առաջնահերթ ուսումնասիրության առարկա պետք է դառնան՝ հիմնարկներ, գործարաններ: Մարդիկ հեկտարներով շինություններ ունեն սեփականաշնորհած՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով»:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև հայտնի «հաջողակ գործարարներին», որոնք եղել են նախկին իշխանության օրոք, այսօր էլ շարունակում են գործունեությունը։

«Այդ մարդկանց կենսագործունեությունը նայում ես, տեսնում ես, որ կապ կա շատ բարձրաստիճան անձի հետ, և դուրս է գալիս, որ այդ բարձրաստիճան պաշտոնատար անձը թալանել է, տվել է իր հարազատին, որն էլ դարձել է հաջողակ գործարար: Ավելին ասեմ, որ հեղափոխության իշխանության ներկայացուցիչներն էլ սիրով այդ հաջողակ գործարարների միջոցառումներին մասնակցում են, բա հետո չե՞ք մտածում, որ այդ վեթինգի, նույն ստուգելու հարցերը առաջ գա, ձեզ ասելու են՝ եկել էիր, այդ մարդու հետ ռեսեփշնների էիր մասնակցում, կարմիր թելեր էիր կտրում, ով պետք է դրա պատասխանը տա: Եթե այս օրենքն ուղղված է այ էդ թալանչիների դեմ, միանշանակ մենք աջակցում ենք և գտնում ենք, որ պետք է երաշխիքներ լինեն, որ որևէ անմեղ մարդ հանկարծ այս օրենքի տակ չլինի, այն որևէ առումով քաղաքական նպատակներով չկիրառվի»,-ասաց նա:

Մարուքյանն ասաց՝ պատրաստվում են ներկայացնել առաջարկներ: