Եղեգնուտի բնակիչները՝ կորոնավիրուսի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷջմիածնից ոչ շատ հեռու գտնվող Եղեգնուտի բնակիչները զբաղվում են իրենց առօրյա գործերով։ Գյուղում խուճապային տրամադրություն չկա, բայց ծնողներից շատերը փորձում են սահմանափակել երեխաների շփումը այլ երեխաների հետ։
Գյուղի խանութները դատարկ չեն։ Գյուղացիները պնդում են, որ միշտ է այդպես, թանկ են, գերադասում են մարզկենտրոնից գնումներ կատարել։
Ջերմոցային մշակությամբ զբաղվող Ավետիքը ցույց է տալիս լոլիկի վատ աճած սածիլներն ու կատակում․ «Սա էլ է կորոնավիրուս կպել, էս վիրուսն էլ սերմի հետ է եկել»։ Իր սեփական կարծիքն ունի վարակի մասին, բայց չգիտի՝ ինչքանով է ապացուցված․
«Իմ կարծիքով էդ Ամերիկայի արած գործն է, վիրուս է գցել, որ ժողովրդին քչացնի, զգաց, որ Չինաստանը «էկոնոմիկայից» ընկնում է առաջ, Չինաստանի վրա սեւ բերեց, որ իրենից առաջ չընկնի»,-իր կարծիքն է կիսում գյուղատնտեսը, ապա հավելում՝ «Ամերիկան ուզում է սաղ երկրագունդը գրավել»։
Դիտարկմանը, թե արդյոք գյուղում շփումը սահմանափակում են, Ավետիքի հարսը՝ Աննան, կատակում է ․ «Կապը միայն սկեսրայրիս ու հորանցս տան հետ է»։
Գյուղի դպրոցի փոխտնօրեն Եսթեր Դավթյանը խուճապային տամադրություն չունի, բայց անհանգստացած է, ասում է՝ քանի որ թոռնիկները Երեւանից եկել են իրենց տուն, փորձում է սահմանափակել դրսում խաղալը։
Իսկ հեռահար ուսուցմանը դեմ չէ, բայց, ըստ իրեն, քչերը դասապրոցեսը օնլայն անցնելու հնարավորություն ունեն։
Դպրոցում դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մանե Դավթյանը ասում է, որ իր մոտ ի սկզբանե խուճապ չի եղել, եւ տարիներ շարունակ այդ հիվանդությունները եկել-գնացել են, պարզապես պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել։
«Գիտակից ձեւով է պետք մոտենալ, եթե կասկածներ, ախտանշաններ կան, պետք է բժշկի դիմել։ Ինքս այս պահին տանն եմ, դուրս չեմ գալիս, այցելություներ չեմ կատարում, եւ առօրյայում տեսնել-բարեւելը հեռվից է»,- ասում է նա։
Արտակարգ դրություն սահմանելու մասին Մանեն նշեց, որ տարբեր մարդիկ տարբեր ձեւով կընդունեն, այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ դա պահանջվում է իրավիճակից դուրս գալու համար, խուճապի չեն մատնվի։
«Տեսել եմ, որ խանութները չեն դատարկվում, շատ հանգիստ են մոտենում փաստին, սովորական իրենց առեւտուրն են անում»,- հավելում է նա։
Գյուղի խանութի սեփականատերը, ով այդ պահին ապրանք էր ստանում, ո՛չ դիմակ, ո՛չ էլ ձեռնոցներ էր կրում, հավաստիացնում է, որ այս օրերին էլ առեւտուրը սովորականի նման է։
«Գյուղացին վարկեր ու պարտքեր ունի, ո՞նց առեւտուր անի»,- ասում է խանութպանը։