Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Քաղաքականություն

Կասկածներ ունենք, սա արվեց միտումնավոր. Ալումյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստի չկայանալու մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չունեցավ, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։ Փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ իրենց զանգել են դատարանի հեռախոսով և տեղեկացրել, որ այսօրվա նիստը չի կայանալու, սակայն դա պատշաճ տեղեկացման  ձև չէ: Իր խոսքով պետք է դատարանում նիստերի քարտուղարը կամ որևէ այլ պաշտոնատար անձ տեղեկացներ այդ մասին:

«Մենք եկանք այստեղ, որ նիստերի քարտուղարից կամ իրավասու մեկից լսենք՝ ինչու տեղի չի ունենում նիստը: Մենք համբերատար որոշ ժամանակ սպասում էինք, մինչև մեզ ասեն՝ ինչ է կատարվում: Դրա համար ասեցինք՝ ներսում կմնանք այնքան ժամանակ, մինչև չասեն՝ երբ է տեղի ունենալու դատական նիստը: Մեզ կարգադրիչների միջոցով ասացին, որ որևէ մեկը չի պատրաստվում գալ: Հավանաբար իրենց պատվից  ցածր համարեցին գալ և դատական նիստերում մեզ բացատրել: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, մեր նկատմամբ, անհարգալից մոտեցում է,։ Մենք ցանկացանք ցույց տալ, որ կարող ենք մենք էլ ցայտուն անարգանք ցույց տալ իրենց նկատմամբ, բարեբախտաբար շուտ հասկացան: Դատարանի պատասխանատուն եկավ և քաղակիրթ ձևով ներկայացրեց, թե ինչու չի կայանալու նիստը, դրանից հետո մենք դուրս եկանք նիստերի դահլիճից»։

Հայկ Ալումյանը նշեց, որ  ուրբաթ օրը փաստաբան Արամ Վարդևանյանը ճշտել է, թե հնարավո՞ր է՝ այսօրվա նիստը չկայանա, սակայն հավաստիացրել են, որ նիստը կայանալու է: Երեկ Հայկ Ալումյանը դատարանի գրասենյակ միջնորդություն  է մուտքագրել՝ խափանման միջոցի փոխման վերաբերյալ և ներկայացրել չորս նախկին վարչապետերի երաշխավորական նամակները:

«Շատ լուրջ հարցեր են առաջանում, և հաջորդ նիստին պահանջելու ենք՝ դատարանը ավելի մանրամասն ներկայացնի, թե ինչ  առողջական խնդիրներ է ունեցել: Եթե բուժում ստացել է, որտեղ է բուժում ստացել, Եթե դատավորը կարող է հրապարակել երկրորդ նախագահի հիվանդության մասին դետալային մանրամասներ, ապա դատարանը նույնկերպ  պետք է իր առողջական վիճակի մասին սպառիչ ներկայացնի: Մենք ունենք կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որ հետագայում 4 երաշխավորներից մեկ-երկուսը Հանրապետությունում չլինեն։ Չէ՞ որ երաշխավորները նամակները ներկայացնելուց և համապատասխան գումարը վճարելուց բացի պետք է ներկա գտնվեն: Սա արվեց, որ նրանց մեկ-երկուսի գալը դարձնեն անհնարին»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին՝ Ալումյանը նշեց, որ  առողջական վիճակը այնքան էլ նորմալ չէ․ թե գտնվում է հիվանդանոցում, նշանակում է՝ բուժման կարիք կա.

«Ուղղակի ինձ մոտ հարց է առաջացել՝ ոնց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը այսպիսի վիճակում հայտնվեց, իմ համար հարցեր կան, և դրանց պատասխանները ես փնտրելու եմ»,- ասաց նա։