Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Ի՞նչ է սպասվում սև ցուցակում հայտնված տնտեսվարողներին․ պատգամավորները՝ տրամադրվելիք վարկերի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ողջունում է Կառավարության նախաձեռնությունը՝ բիզնեսին տրամադրվելիք աջակցությանն ուղղված։

Գործադիրը նախատեսում է վարկեր տրամադրել այն ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որոնք առևտրային գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում և ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն:

«Տնտեսվարողների մի մասին, որոնք հիմա դժվարությունների մեջ են, խնդիր ունեն հարկը վճարելու, աշխատավարձերը տալու հետ, պետությունն ասում է՝ արի ես քեզ պարտքով փող տամ, տար, պարտավարություններդ կատարիր, հետո գործերդ կլավանա, կգաս պարտքերդ կտաս, տոկոսներդ էլ ես քո տեղը կվճարեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Պապոյանը։

Ըստ իշխող ուժի պատգամավորի՝ իրեն բազմաթիվ տնտեսվարողներ էին դիմել ու խնդրել 2-ից 3 ամսով հետաձգել հարկերի վճարումը։ Այս տարբերակից, ըստ նրա՝ տնտեսվարողները դժգոհ չեն, հակառակը՝ սա հնարավորություն է տալիս 2 տարվա ընթացքում մարել վարկերը։

Նշենք, որ վարկերը տրամադրվում են մինչև 24 ամիս ժամկետով։ Ֆինանսավորման 50%-ը կիրականացնեն առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, իսկ մինչև 50 %-ն էլ Կառավարությունը, որի տված ֆինանսավորումը անտոկոս է, իսկ բանկերի ու վարկային կազմակերպությունների տոկոսները կսուբսիդավորի Կառավարությունը։

Գործադիրն այս օժանդակությամբ նախատեսում է 25 մլրդ դրամ հատկացնել բիզնեսին։ Սա ըստ Գևորգ Պապոյանի՝ ընդամենն առաջին փուլի գործողությունն է։

«Եվ եթե տնտեսությունը ավելի շատ կլանի, այդ գումարը կմեծանա, այսինքն՝ մենք նախնական գնահատական ունենք, որ այս պահին սա առավելագույն ծավալն է, որը կարող է տնտեսությունը կլանել, բայց կրկնում եմ, որ պետությունը փողի խնդիր չունի։ Կառավարությունն այս 25 մլրդն անգամ Կենտրոնական բանկից չի վերցրել, այլ իր պահուստային միջոցներից»,- հավելեց Գևորգ Պապոյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դրական է գնահատում Կառավարության ցուցաբերած աջակցությունը, բայց նկատում է, թե ինչո՞ւ են միայն բարվոք վարկային և հարկային պատմություն ունեցող տնտեսվարողներին վարկեր տրամադրվելու։

Ըստ նրա՝ սև ցուցակում հայտնված տնտեսվարողներին անհրաժեշտ է, որպեսզի պետությունը նեցուկ լինի։ «Բնականաբար, բանկերը գերադասում են աշխատել հուսալի վարկառուների հետ, բայց պետությունն իր գործառույթները չպետք է կառուցի միայն այդ սեգմենտում, այլև պետք է հնարավորինս անի՝ ավելի շատ խոցելի խմբի տնտեսվարողների համար, որոնք ժամանակի ընթացքում հայտնվել են սև ցուցակում կամ թերացումներ են ունեցել։ Եթե մենք այսօր խոսում ենք միայն վարկային դրական պատմություն ունեցող կազմակերպությունների մասին, ապա նրանք առանց օգնության էլ կարող են շարունակել իրենց գործունեությունը»,- նշեց տնտեսագետ պատգամավորը։

Բացի այդ, Սերգեյ Բագրատյանը կարևորում է նաև այն, որ ֆինանսավորում լինի ոչ թե կազմակերպությանը, այլ ծրագրին։ Այսինքն՝ պետք չէ նայել կազմակերպության «կենսագրությանը», այլ դրա գործունեության ոլորտին։

«Այսօր մենք խնդիր ունենք պարենային անվտանգության ապահովման հետ, դա նշանակում է, որ գյուղատնտեսության այն ոլորտները, որոնք այսօր գարնանացանով ի վիճակի են աշնանը կոնկրետ ապրանքներ արտադրել, որոնք առաջնային անհրաժեշտության են, մենք պետք է ֆինանսավորենք այդ սեգմենտը, անկախ նրա վարկային կենսագրությունից»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ մինչև 24 ամիս ժամկետը վարկերի մարման համար բավական է, որպեսզի տնտեսվարողն իր վարկերը մարի, հատկապես, երբ վարկը 0 տոկոսադրույքով է ստացել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «Ա1+»-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ կան ոլորտներ, որոնք այս պահին ամբողջությամբ պարալիզացված են, և կան ոլորտներ, որոնք շարունակում են նորմալ, դեռ մի բան էլ բարելավված գործունեություն ծավալել, օրինակ՝ դեղատները, սուպերմարկետները։

«Հետևաբար, անհրաժեշտ է հարցի ոլորտային լուծում, առաջին հերթին՝ մեծ աջակցություն տրամադրել խոցելի ոլորտներին՝ տուրիստական և հարակից ոլորտներ, հանրային սնունդ, անուղղակիորեն ազդեցություն կրած սպասարկման և ծառայության ու առևտրի այլ ոլորտներ։ Իսկ ընդհանուր ծրագիրը, որը ենթադրում է վարկերի տրամադրում համարում եմ խնդրի ոչ արդյունավետ լուծում։ Նույնիսկ անտոկոս վարկը ենթակա է վերադարձման։ Սակայն բազմաթիվ ընկերություններ շարունակում են կուտակել վնասներ, որն աստիճանաբար տանելու է սնանկացման։ Հետևաբար, անհրաժեշտ են անհատույց ֆինանսավորման և արտոնությունների ծրագրեր, որոնք որոշակիորեն կմեղմեն տնտեսվարողների վնասները»,- շեշտեց նա։

Վարկերի տրամադրման այս ծրագրով, ըստ տիկին Թանդիլյանի՝ հիմնական աջակցությունը կհայտնվի բանկերի համար ոչ ռիսկային, իրենց գործունեությունը կայուն շարունակող ընկերությունների մոտ, իսկ կուտակված հարկային և վարկային պարտավորություն ունեցողները չօգտվելով այս ծրագրից, ավելի են խորացնելու խնդիրները։ ԼՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ ճգնաժամի առաջին նախադրյալները ցույց են տալիս, որ դրա ազդեցությունը բավական երկար և խորքային է լինելու, իսկ վերականգնումը հնարավոր է տևի տարիներ։

Պատգամավորը չի բացառում, որ ճգնաժամից հետո հայտնվենք տնտեսական այլ կառուցվածքում, հետևաբար առաջարկվող աջակցությունները պետք է բխեն իրական խնդիրներից, ոչ թե կրեն ստանդարտ բնույթ և ժամկետ։