A
A
Շուկայում որոշ ապրանքների դեֆիցիտ կա․ արտակարգ դրությունից հետո էլ Դուբայի շուկա է պետք մտնել․ ԳՆ նախկին խորհրդական
Աջակցիր «Ա1+»-ինՇուկայում կարճ ժամանակահատվածով ձավարի և բլղուրի դեֆիցիտ (պակասորդ) է առաջացել։
«Բնակչության մոտ պանիկա է, մտածում են՝ չեն կարողանում ապրանք ներմուծել, ապրանքների գները կթռնեն, ձավար, բլղուր արտադրողներին սպիտակ ցորեն ու բլղուրի համար նախատեսված ցորեն չեն վաճառում, պահում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆերմեր, մարքեթոլոգ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին խորհրդական (2017-18 թթ․) Հարություն Մնացականյանը։
Ըստ նրա՝ գյուղացիները չեն շտապում վաճառել պահեստավորվածը, ինչը հետագայում բացասաբար է անդրադառնալու հենց նրանց համար։
«Մտածում են՝ շատ թանկ կվաճառեն, հիմա սպասում են, տեսնեն՝ ինչ է լինում։ Սա բերում է արհեստական դիֆիցիտի, կարճաժամկետ ժամանակահատվածում ցորենը թանկանալու է, հետո միանգամից գնանկում լինի։ Մայիսի վերջին Արցախի հարավային շրջաններում ցորենն արդեն քաղում են, արդեն էժան ցորենը կմտնի շուկա, և իրենց անցած տարվա ցորենը չեն կարողանա վաճառել այն գնով, ինչ գնով որ վաճառվում է հիմա»,- մանրամասնեց մարքեթոլոգը։
Հարցին՝ իսկ այս իրավիճակում, իշխանությունները, քաղաքական ուժերն ի՞նչ պետք է անեն, պատասխանեց՝ հորդորեն, որ ամեն ինչ նորմալ է, պարենի պակաս չի լինելու, խնդիր չի լինելու։
Նա որպես օրինակ նշեց կարտոֆիլի դեպքը․ «Գյուղատնտեսության չակերտավոր մասնագետներից մեկը (Հրաչ Բերբերյանին նկատի ունի - հեղ․) հայտարարեց, որ գարնանը կարտոֆիլի գինը հասնելու է 500 դրամի, և գյուղացիները կարտոֆիլը չեն վաճառել, պահել են»։
«Ու ես սեպտեմբերի 3-ին գրեցի, ասացի «ժողովո՛ւրդ, խնդրում եմ՝ ձեր կարտոֆիլը չպահեք, որովհետև խնդրի առջև եք կանգնելու, Իրանում, ՌԴ֊ում կարտոֆիլն էժան է, ձեր չվաճառելու հաշվին ներմուծվելու է, այստեղ վաճառվի»։ Այսօր արդեն խոսում են, որ Հայաստանում 6 հազար տոննա չվաճառված կարտոֆիլ կա։ Դրա համար այսօր կարտոֆիլի գինն իջել է․ դրսում, շուկաներում 130-160 դրամ է»,- շարունակեց գյուղատնտեսը։
Արտակարգ դրության պայմաններում, ըստ նրա, ամենախոցելի խումբը դարձել են ծաղիկ արտադրողներն ու վաճառողները․ «Ծաղիկ արտադրողները շատ մեծ կորուստներ են ունենալու, մաքսիմալ ձևով նրանց պետք է օգնել»։
Նա կանխատեսում է, որ խոզի մսի գինն է շատ իջնելու։ «Անհրաժեշտ է՝ երկրորդային վերամշակման համար երշիկեղենի գործարաններին թե՛ անտոկոս վարկեր տալ, կամ ինչ-որ ձևով օգնել, թեկուզ սուբսիդիաներով, որպեսզի գյուղացիներից խոզը մթերեն։ Եթե արտասահմանից խոզի մսի ներմուծում չլինի, ինձ թվում է՝ այդքան չի իջնի գինը, ձեռնտու կլինի։ Խոզի մեծածախ գինը հենց իջավ 1600 դրամից պակաս, գյուղացին կսկսի վնասով աշխատել․ դա լուրջ խնդիրների է բերելու։ Հնարավոր է, որ գյուղացիներին իրենց խոզերի գլխաքանակը կրճատեն, նոր խոզեր չբուծեն, ու արդեն մի քանի ամիս հետո տեղական խոզի մսի դիֆիցիտ լինի»,- ընդգծեց Հարություն Մնացականյանը։
Հաջորդը հարվածի տակ, ըստ նրա, ջերմատնային տնտեսություններն են, ռուբլու այս կուրսի պայմաններում շահավետ չէ լոլիկի, վարունգի, պղպեղի բերքն արտահանել։ Իսկ ապրիլին արդեն պատրաստի լոլիկ պետք է լինի թե՛ արտահանման, թե՛ տեղական շուկայի իրացման համար։
Ֆերմերի խոսքերով՝ եթե ռուբլու կուրսը 6,1-6,4-ի սահմաններում մնաց, ջերմոցային տնտեսություններն էլ լուրջ խնդիրներ են ունենալու, ու պետք է արդեն այլ շուկա փնտրել, հանձինս՝ Դուբայի, կամ առհասարակ Մերձավոր Արևելքի։
«Դեպի Դուբայ օդային բեռնափոխադրումների գինը պետությունը պետք է իջեցնի բոլոր հնարավոր և անհնարին ձևերով․ չգիտեմ՝ ինչ տարբերակներ կան։ Մեզ պետք է Դուբայը որպես Ռուսաստանի շուկային այլընտրանք։ Ու ոչ միայն, միայն Դուբայը չէ, Մերձավոր Արևելքն ամբողջությամբ։ Իսկ դեպի Մերձավոր Արևելք հիմնականում արտահանումն օդային տրանսպորտով է իրականացվում։ Կարծեմ՝ բեռնափոխադրման գինը մոտ 1,8 դոլար է, և եթե մեկ կիլոգրամի համար բեռնափոխադրման գինը իջեցվի 0,8-1 դոլարի, ապա կարող ենք Դուբայում էլ մեծ շուկա ունենալ»,- մանրամասնեց նա։
Հաջորդ խնդիրը, գյուղատնտեսի խոսքերով, ծնեբեկի իրացման հետ է կապված լինելու՝ եթե ռուբլու կուրսը չբարձրանա կամ եթե մեր դրամի կուրսի հետ համամասնությունը չփոխվի։
Ըստ նրա՝ մոտ 60-70 տոննա ծնեբեկ կլինի, հնարավոր է մինչև 100 տոննայի հասնի, որը հնարավոր չէ տեղական շուկայում ամբողջությամբ սպառել, դրա համար կա՛մ պետք է վերամշակողներին ֆինասական օգնություն տրամադրել, կա՛մ անտոկոս վարկ, որպեսզի այդ ծնեբեկը մարինացնեն և իրացնեն մարինացված ձևով․ «Եվ եթե Հայաստանում 100 տոննայի հասնող ծնեբեկ լինի, դրանից կլինի 200 հազար բանկա մարինադ։ Հաստատ մի տարվա ընթացքում հնարավոր կլինի շուկաներ գտնել արտահանելու համար կամ թեկուզ տեղական շուկայում իրացնել, օրինակ՝ պրոմո ակցիաների միջոցով»։
Հարցին՝ իսկ արտակարգ դրությունից հետո գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ քայլեր պետք է արվեն, Մնացականյանը պատասխանեց, որ պետք է առաջին հերթին բոլոր միջոցներով խթանել հատիկա-ընդեղենային արտադրությունը։
«Ցորեն, գարի, հաճար, աշորա, բակլազգիներ, լոբի, ոլոռ, ոսպ, սիսեռ և այլն, թե՛ ցանքաշրջանառության, թե՛ ընդհանուր արտադրության համար, քանի որ այս ապրանքատեսակները մեր պարենային անվտանգության ցանկի մեջ են մտնում։ Փակ սահմանների դեպքում, եթե մենք ցորեն, գարի և այլ տեսակի հատիկա-ընդեղեն չունենանք, մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- պարզաբանեց նա։
Բացի այդ՝ կարեւոր է սերմնաբուծարանների ճիշտ օգտագործումը (որպեսզի կարողանանք նաև տեղական սերմեր արտադրել, սերմնաբուծարաններն էլ կսկսեն նորմալ աշխատել)․ ըստ նրա՝ ներմուծվող սերմի հարցով տնտեսվարողները երբեմն, ավելի ճիշտ՝ հաճախ որակյալ սերմ չեն բերում, երկրորդ, երրորդ վերարտադրության են լինում, ինչի հետևանքով ֆեմերները նորմալ եկամուտ չեն կարողանում ստանալ։
Հարություն Մնացականյանը կարծում է, որ պետությունը ուշադրության կենտրոնում պետք է պահի նաեւ այգեգործությունը։
«Դրա համար պետությունն այս տարի շատ լուրջ քայլեր է ձեռնարկել․ մինչև 50 տոկոս սուբսիդավորոմ, վարկեր 5 տարով, որ 5 տարով վարկ վերցնես, չփակես՝ մինչև բերքատվություն լինի։ Ամենակարևորն այգեգործության համար այն է, որ պետք է լինի հողային ռեսուրսների զոնավորում։ Այդ դեպքում արդեն պարզ կլինի, թե որտեղ ինչ բուսատեսակներ, ծառատեսակներ պետք է աճեցվեն, որպեսզի ամենաշատ եկամուտը, ամենաորակով բերքը ստանան։ Զոնավորումից հետո, եթե պետական մակարդակով այգեգործության ոլորտում սկսեն ուղղոդել ֆերմերներին(այսինքն՝ որ տարածաշրջանում ինչ միրգ, ինչ պտուղ-բանջարեղեն), էապես կբարձրանա մեր գյուղատնտեսության արդյունավետությունը»,- շարունակեց մարքեթոլոգը։
Անդրադառնալով անասնաբուծությանը՝ ֆերմերն ասաց, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ոչխարաբուծությանը, քանի որ ոչխարի մսի մեծ պահանջարկ կա։
«Առաջնային պետք է լինի ազնվացեղ ոչխարի բուծումը, լավ ցեղական ոչխարների ներկրումը, թե ՛ տեղականի հետ ճիշտ սելեկցիայով լավ տեսակներ ստանալը, տեղական կլիմային հարմարեցնելը»,- շարունակեց Մնացականյանը։
Ըստ նրա՝ մեր տեղական արտադրողերը պետք է նաև Ռուսաստանից բացի այլ շուկաներ փնտրեն, որովհետև մի գնորդից կախված բիզնեսը շատ մեծ ռիսկեր է պարունակում, ռուբլու կուրսը դոլարի համեմատ արդեն ընկել է, և գյուղատնտեսական արտադրանք արտահանողները փաստի առջև են կանգնել:
«Թե՛ կոնյակագործները, գինեգործները, թե՛ պտուղ-բանջարեղեն աճեցնողները, թե՛ վերավաճառողները, բոլորը փաստի առջև են կանգնել։ Մեզ պետք է Եվրոպական, Մերձավոր Արևելքի շուկաներ մտնել։ Այս պանդեմիայի ավարտից հետո եթե լավ աշխատենք, հնարավորութուններ կստեղծվեն»,- եզրափակեց գյուղատնտեսը։