Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Ո՞ր դեպքերում ՓՄՁ-ները կարող են դիմել՝ վարկ ստանալու նպատակով (տեսանյութ)

«Յուրաքանչյուր տնտեսվարող, որը զբաղվում է պարենային ապրանքների վաճառքով, ամեն օր ժամը 10։00-12։00 պետք է սպասարկի միայն կենսաթոշակային տարիք ունեցող անձանց»,- արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընդունած այսօրվա որոշմանն անդրադառնալով՝ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
 
Նա նշեց, որ մինչև սպասարկումը և դրանից հետո պետք է տեղի ունենա սրահի ախտահանում, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում կենսաթոշակային անձինք ռիսկային գոտում են։   
 
Տնտեսական որոշ գործունեություններ (որոնք սահմանված են որոշման հավելվածում) կարող են հատուկ ցուցումով (ջրամատակարաման, էլեկտրաէներգիայի մատակարարում) կազմակերպել իրենց աշխատանքը՝ հնարավորինս նեղ անձնակազմով։
 
Նախարարի մյուս տեղակալ Նաիրա Մարգարյանը նշեց աջակցության այն միջոցառումները, որոնք նախատեված են փոքր և միջին ձեռնարկությունների համար։ 
 
«Մշակվել է մի միջոցառում, որի միջոցով փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք 2019 թվականին ունեցել են 24-500 միլիոն դրամի շրջանառություն, կարող են դիմել վարկ ստանալու նպատակով։ Ոլորտներն են՝ մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սնունդ, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, առողջապահական ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ»,- նշեց Մարգարյանը։
 
ՓՄՁ-ները, որոնք դիմելու են այս աջակցության համար, ըստ փոխնախարարի, պետք է ունենան բարվոք վարկային պատմություն, կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն (երաշխավորություն կարող է տրամադրել ընկերության սեփականատերը կամ կառավարմանը մասնակցող որևէ անդամ)։
 
Նաիրա Մարգարյանը նաև նշեց սահմանափակումները․ վարկերը առաջին 36 ամսով են տրամադրվում, առաջին 24 ամսվա համար վարկերն անտոկոս են, իսկ 25-36-րդ ամիսների համար՝ արդեն 12 տոկոս տոկոսադրույքով, առաջին 6 ամսվա ընթացքում ունենանալու են չմարվելու հնարավորություն, վարկի առավելագույն չափը 50 միլիոն դրամ է, բայց ոչ ավելի տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10 տոկոսը։ Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձերի վճարման (ոչ ավելի, քան 3 ամիս), պետական համայնքային բյուջե հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ իրականացնելու համար, հումքի գնման և ներմուծման համար (հումքը պետք է օգտագործվի Հայաստանում), հանրային ծառայությունների վճարումներ և վարձակալական վճարումներ։
 
Ասուլիսը վարող, Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, որ Հայաստանը պարենային անվտանգության խնդիր չունի, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ՝ օրինակ այսօր Հայաստան է մտել 2 մեքենա (40 տոննա) ցորեն, և այս տարի աշնանացան ցորենի 155 հազար տոննա ցորենի բերք է նախատեսվում։
 
Գյուղատնտեսության նախարարի նախկին խորհրդական, գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ ստեղծված իրավիճակում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տուժում են ծաղկավաճառները։ Այս կապակցությամբ «Ա1+»-ը հարց էր ուղղել ասուլիսի մասնակիցներին, թե պետությունն ի՞նչ աջակցություն է նախատեսում նրանց համար։
 
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ասաց, որ ՓՄՁ-ների աջակցության այս ծրագիրը չի ներառում առևտրով զբաղվող կազմակերպություններին, և քանի որ ծաղկավճառները նաև ծաղիկ են աճեցնում, կարող են դիմել աջակցության երկրորդ փաթեթին, եթե բանկը ցանկություն հայտնի (առաջին փաթեթի շրջանակներում) վարկավորել տվյալ տնտեսվարող սուբյեկտներին։ 
 
«Եթե տվյալ տնտեսվարողը կարողանա բանկին ապացուցել, որ ինքը վարկունակ է և կարող է համագործակցել, կստանա այդ աջակցությունը»,- ընդգծեց Մարգարյանը։