Եթե կառավարությունն այս փոփոխություններով գնաց ընտրությունների, քվեի խնդիր է ունենալու․ քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վարչարարության և ստվերի բացահայտման խնդիրը կառավարության և ՊԵԿ-ի խնդիրն է։ Եթե նրանք չեն կարողանում վարչարարությամբ բացահայտել խոշորներին, չպետք է փոքրերին արտոնությունից զրկեն»,- «Ա1+»-ի եթերում՝ քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով փոքր բիզնեսը շրջանառության հարկի ռեժիմից հանելու վերաբերյալ իշխանությունների նախաձեռնությանը։
Իշխանությունները բացատրում են, որ եթե փոքր բիզնեսը խոշոր բիզնեսի հետ իր հարաբերությունները փաստաթղթերի միջոցով իրականացնի, այդ չափով խոշորը դուրս կգա ստվերից։ «Մի պարզ կանոն կա, եթե ուզում ես երկրիդ ապրանքաշրջանառության փաստաթղթավորումը կարգի բերել, առաջին հերթին երկրի դարպասները պետք է կարգի բերել»,- հավելեց «Փոքր ու միջին ձեռնարկությունների» ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։
Վերջինս նախկին իշխանությունների ժամանակներից դեպք հիշեց, որ եթե նրանք ցանկանում էին պատժել իրենց մրցակիցներին, շատ մանրամասն ստուգում էին նրանց բիզնեսը։ «Քաղաքական պատվերով գալիս էին ընդդիմության որոշ գործընկերներին ստուգելու։ Դու տեսնում էիր, թե ինչքան խելոք ստուգում էին անում՝ գնում էին 3-4 տարի առաջվա շինարարություն, բետոնից նմուշ էին վերցնում և դուրս էին բերում, թե ինչքան ցեմենտ է գնացել, այդ շաղախը լցնելու համար ինչքան մարդ է աշխատել։ Բայց այստեղ հեշտացնում ենք վարչարարի կյանքը, դժվարացնում բիզնեսի կյանքը»,- ասում է Հակոբ Ավագյանը։
Սուրեն Պարսյանն էլ գտնում է, որ եթե իշխանությունները բարձրացրեցին փոքր բիզնեսի հարկերը, ապա ոլորտի ներկայացուցիչները փողոց դուրս կգան․ « Եթե այս կառավարությունն այս փոփոխություններով գնաց ընտրությունների, ունենալու է քվեի խնդիր։ Միջին խավը իր դեմ է դուրս գալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։