ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ կքվեարկեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկելու Կառավարության կողմից ներկայացրած համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու վերաբերյալ նախագծին։
«Եկեք լուրջ մտածենք՝ այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու համար։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս նախագծին դեմ է, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն իրավիճակում, երբ դա որևէ կերպ զրոյական ազդեցություն ունի համավարակի տարածման հետ կապված»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հորդորեց հետ տանել նախագիծը։ Ըստ նրա՝ սա աննպատակ ու անիմաստ գործ է լինելու Կառավարության համար։
«Դուք ծախսելու եք հսկայական ռեսուրսներ, և հետո՝ ո՞վ ասաց, որ մարդիկ պարտադիր հեռախոսով են պայմանավորվում ու հանդիպում։ Իմ կարծիքով՝ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում էքսպրոմտ, առանց «Վայբերի», «Վոթսափի» եւ այլնի։ Էդ ի՞նչի, սաղ կանտրոլի տակ եք վերցնելո՞ւ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու։
«Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբեն Ռուբինյանը, սակայն նրա ելույթից, ըստ էության, հասկանալի չէր խմբակցության վերաբերմունքը նախագծին։
«Նախագիծն ուշացած չէ, բայց ես նույնպես խնդիրներ եմ տեսնում ապաանձնավորման և հնարավոր վերաանձնավորման հետ կապված։ Կարծում եմ՝ նախարարը պետք է մեզ հստակ բացատրի՝ արդյո՞ք դա կարող է տեղի ունենալ, ինչպե՞ս, և եթե կարող է տեղի ունենալ, ապա ինչ կանխարգելիչ միջոցներ կլինեն, որպեսզի վստահության մակարդակը բարձրանա»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք նաև, որ առաջարկվող լրացումների համաձայն՝ համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո: