Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհասանելի, բայց ընդունելի՞

Հարցազրույց

2010 թ փետրվարի վերջի դրությամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է մոտ 3.1 միլիարդ ՀՀ դրամ (428 վարկ): Մոտակա օրերին կվերաֆինանսավորվի եւս 100 վարկ մոտ 900 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր գումարով: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:   Նա պատասխանել է նաեւ մի քանի այլ հարցերի:

- Ինչպե՞ս է ազդել Ազգային Հիփոթեքային Ընկերության գործունեության մեկնարկը հիփոթեքային շուկայի վրա:

- Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2009 թվականի հուլիսից, երբ Հայաստանի հիփոթեքային շուկան գտնվում էր «ծանր» վիճակում' զգալիորեն նվազել էր թե հիփոթեքային վարկերի առաջարկը, եւ թե դրանց նկատմամբ պահանջարկը: Ի թիվս այլ պատճառների, այդ իրավիճակը պայմանավորված էր ինչպես վարկավորման պայմանների հետ կապված անորոշությամբ, այնպես եւ անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակով: Այս առումով Ազգային Հիփոթեքային Ընկերության մուտքը հիփոթեքային շուկա  թույլ տվեց որոշակիորեն հարթել իրավիճակը: Առաջարկելով վարկատու կազմակերպություններին երկարաժամկետ եւ համեմատաբար էժան միջոցներ' հնարավոր եղավ բավական կարճ ժամկետներում կայունացնել եւ ակտիվացնել հիփոթեքային վարկավորումը:

-Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, որ շուկայում գործող հիփոթեքային տոկոսադրույքները (12-16) չափազանց բարձր են մեր երկրի համար:

- Հիփոթեքային վարկի հասանելիության առումով' այո, սակայն հաշվի առնելով երկարաժամկետ միջոցների սակավությունը, ներգրավված միջոցների ինքնարժեքի մակարդակը, ինչպես նաեւ հիփոթեքային վարկավորման հետ կապված ռիսկերը' գտնում ենք, որ նշված տոկոսադրույքները ընդունելի են:

-Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ԿԲ-ն միջամտեց արտարժույթի շուկային' արտարժույթ գնելով: ԿԲ-ն դա հիմնավորեց փոխարժեքի կտրուկ տատանումները կանխելու անհրաժեշտությամբ, երբ ամանորյա տոների հետ կապված' նկատվում էր դոլարի արժեզրկում: Այսօր ի՞նչ քայլեր է իրականացնում ԿԲ-ն եւ ի՞նչ նպատակներով:

 -Ավարտվում է 2010 թվականի երկրորդ ամիսը եւ այդ ընթացքում Կենտրոնական բանկն աստիճանաբար կոշտացրել է դրամավարկային պայմանները' ինչպես կարճաժամկետ տոկոսադրույքների բարձրացման, այնպես էլ իրացվելիության կառավարման համապատասխան միջոցառումների իրագործման միջոցով: Սա ամբողջությամբ ուղղված է գնաճի նպատակային ցուցանիշին հասնելուն:

Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա դրան վերաբերող ԿԲ գործառնությունները կարող են միայն ուղղված լինել կտրուկ տատանումների հարթմանը:   

-Չնայած մեր բանկային համակարգի կայունության մասին հավաստիացումներին' մի շարք տնտեսագետներ գտնում են, որ ՀՀ բանկային համակարգը չի կատարում իր հիմնական ֆունկցիան, այն է' ռեսուրսների վերաբաշխում: Համաձա՞յն եք այդ դիտարկման հետ եւ եթե այո' ինչպե՞ս դա կբացատրեք:

 -ՀՀ ֆինանսական միջնորդությունը բնութագրող բանկային համակարգի ակտիվների եւ ՀՆԱ-ի միջեւ, ինչպես նաեւ վարկերի եւ ՀՆԱ միջեւ հարաբերակցությունները 2009թ. վերջին կազմել են համապատասխանաբար' 42% եւ 22% (2008թ.' 28% եւ 17%): Այս պարագայում, ՀՀ բանկային համակարգի կողմից իր հիմնական' ռեսուրսների վերաբաշխման ֆունկցիան չկատարելու մասին խոսելն անընդունելի է: Միջազգային տեսակետից, շատ դժվար է նշել մեկ այլ երկիր, որ տնտեսության 14.4 % անկման պայմաններում ունենա նման ցուցանիշ:

Ճիշտ է, դա չի նշանակում, որ անելիքներ չկան: ՀՀ բանկային միջնորդությունը ցածր է Մերձբալթյան, Կենտրոնական Եվրոպայի եւ ԱՊՀ մի շարք երկրների համեմատ, որի մասին ՀՀ ԿԲ-ն բազմիցս նշել է: Վերջինիս պատճառները հարկ է փնտրել հատկապես ՀՀ տնտեսության զարգացման կառուցվածքային առանձնահատկությունների մեջ, այսպես օրինակ ՀՀ տնտեսական աճի գերակշիռ մասը վերջին տարիներին ապահովվել է ի հաշիվ շինարարության ոլորտի աճի, որն իր հերթին ֆինանսավորվել է հիմնականում ուղղակի ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների հաշվին եւ ոչ թե բանկային համակարգի միջոցով:

Միջնորդության ցածր մակարդակի մեկ այլ պատճառ է հանդիսանում ՀՀ-ում ինստիտուցիոնալ ներդրողների (ապահովագրական ընկերություններ, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ եւ այլն) զարգացման ցածր մակարդակը:

Հարկ է նշել, այնուամենայնիվ, որ ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ' ուղղված հենց ՀՀ ֆինանսական միջնորդության խորացմանն, այդ թվում' ինստիտուցիոնալ ներդրողների զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի ստեղծումն ու զարգացումը, ՀՀ-ում անկանխիկ գործառնությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ինստիտուտի ձեւավորումն ու զարգացումը եւ այլն, ինչպես նաեւ մի շարք միջոցառումներ ուղղված ֆինանսական ծառայությունների սպառողների կրթմանն ու իրազեկմանը:

-2008թ. վերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք էր հայտնում, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարող է որոշակի առումով դրական դեր խաղալ մեր երկրի համար, այն առումով, որ ամբողջ աշխարհից ֆինանսական ռեսուրսները կուղղվեն «կայուն նավահանգիստ»' ՀՀ բանկային համակարգ: Ինչու՞ նման բան տեղի չունեցավ:

 -2008թ., երբ ողջ ֆինանսական աշխարհը խորը ճգնաժամ էր ապրում ֆինանսական շուկաների փլուզումից եւ ֆինանսական հաստատությունների համատարած  անիրացվելիությունից  եւ սնանկացումից, ՀՀ ֆինանսական համակարգը առանձնակի բացասական ազդեցություն չէր կրել այդ ճգնաժամից: Վերջինս պայմանավորված էր մի կողմից' ՀՀ ֆինանսական համակարգի' միջազգային ֆինանսական շուկաների հետ ինտեգրվածության ցածր մակարդակով, իսկ մյուս կողմից' ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրավված միջոցների հիմնականում երկարաժամկետ բնույթով, որի արդյունքում համաշխարհային իրացվելիության ճգնաժամը ազդեցություն չունեցավ ՀՀ բանկային համակարգի վրա:

Այնուամենայնիվ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքը չշրջանցեց ՀՀ ֆինանսական համակարգը: Պետք է նշել, սակայն, որ այդ ազդեցությունը միջնորդավորված էր, այսինքն' ՀՀ ֆինանսական համակարգն այդ ազդեցությունը կրեց իրական հատվածում առաջ եկած ճգնաժամային իրավիճակից ածանցված. համաշխարհային իրացվելիության ճգնաժամի պայմաններում 2008թ.-ի վերջին եւ 2009թ. ընթացքում հումքի համաշխարհային գների նվազման ներքո կրճատվեցին արտահանման ծավալները, նվազեցին ՀՀ ներհոսող դրամական փոխանցումների եւ ներդրումների ծավալները, որի հետեւանքով ՀՀ տնտեսությունը զգալի անկում ապրեց: Վերջինս չէր կարող բացասաբար չանդրադառնալ ՀՀ ֆինանսական համակարգի վրա. վարկային պորտֆելի որակի որոշակի վատթարացման պայմաններում ՀՀ առեւտրային բանկերը սկսեցին զգուշավորություն ցուցաբերել տնտեսության վարկավորման գործընթացում, որի արդյունքում 2009թ. I կիսամյակի ընթացքում ՀՀ բանկային համակարգի վարկավորման անկում գրանցվեց: Այնուամենայնիվ, 2009թ. II կիսամյակի ընթացքում ՀՀ առեւտրային բանկերի գործունեությունը զգալիորեն ակտիվացավ, բանկերը վերսկսեցին վարկավորումը, որին նպաստեցին ինչպես տնտեսությունում որոշակի դրական տեղաշարժերը, այնպես եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ ռուսաստանյան կառավարության կողմից տրամադրված միջոցների ուղղումը վարկավորման: Արդյունքում, անցյալ տարվա II կիսամյակը շատ ավելի աշխույժ էր, որի հետեւանքով 2009թ. ՀՀ բանկային համակարգը ունեցավ ակտիվների 30% եւ վարկավորման 14% աճեր:

Հատկանշական է, որ ՀՀ բանկային համակարգի նման աճերն ուղեկցվել են բանկերի իրացվելիության եւ կայունության բարձր մակարդակով, իսկ բանկային համակարգի վարկային պորտֆելի որակը տարեվերջին զգալի բարելավվեց:

Հարկ է նշել, որ 2009թ. ընթացքում տեղի է ունեցել ոչ ռեզիդենտների ավանդային միջոցների ներհոսք. տարվա ընթացքում ոչ ռեզիդենտների ավանդները աճել են 58%-ով (50 մլրդ դրամով): Սա վկայում է, որ «խաղաղ նավահանգստի» գործոնը եւս աշխատել է:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ 2009թ. ընթացքում ՀՀ բանկային համակարգի առջեւ ծառացած մարտահրավերները ապացուցեցին ՀՀ բանկային համակարգի կայունությունը. այն պարագայում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրներում արձանագրվեցին ֆինանսական կառույցների սնանկացման դեպքեր' իրենց սոցիալական բացասական հետեւանքներով հանդերձ' ՀՀ բանկային համակարգը ապացուցեց, որ ունակ է հաղթահարել արտաքին աշխարհից բխող վտանգները, եւ ճանապարհ հարթեց հետագայում, այն է' օտարերկրյա ներդրումային կոնտինգենտի ֆինանսական ճգնաժամից վերականգնվելուն պես, գրավիչ ներդրման ոլորտ համարվելու համար:

-2010 թվականի հունվարի 20-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով եւ սահմանեց այն 5.5%' փաստելով, որ համաշխարհային տնտեսության վերականգնման  միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումներն ուժգնանում են: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ինչպե՞ս կազդի առեւտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների վրա:

 -Փետրվարի 1-ին ԿԲ-ն հրապարակել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ հունվարի 20-ի խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ մանրամասն ներկայացվել են գնաճի վրա տնտեսության առանձին հատվածներից եկող ռիսկերը եւ հիմնավորվել է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացման անհրաժեշտությունը' վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման նպատակահարմարությունը: Փետրվարի 16-ին ԿԲ խորհուրդը եւս մեկ անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ փետրվարի 28-ին կհրապարակվի այդ նիստի արձանագրությունը եւս, որտեղ կնկարագրվեն գնաճային միջավայրը. ռիսկերը, տոկոսադրույքի բարձրացման անհրաժեշտությունը: 

Ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճի ազդեցություն, անշուշտ, տեղի կունենա: Նախ այն կազդի կարճաժամկետ տոկոսադրույքների վրա, հետո, որոշակի լագով, երկարաժամկետ տոկոսադրույքների վրա: Փոխանցման այս շղթան էլ համախառն պահանջարկի վրա ԿԲ քաղաքականության ազդեցության հիմնական ուղիներից մեկն է, որը կօգնի մեզ վարել ԿԲ գլխավոր նպատակի' գնաճի կայուն եւ ցածր մակարդակի ապահովմանն ուղղված համապատասխան դրամավարկային քաղաքականություն:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե առեւտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները որքան կփոփոխվեն, ապա դրանք ձեւավորվում են մի շարք գործոնների ազդեցությամբ. ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք, բանկերի տոկոսային ծախսեր, գործարքային ծախսեր, շահույթ, ռիսկեր եւ այլն: Բնականաբար, կլինի տոկոսադրույքների աճ, բայց մենք չենք կարծում, որ կլինի նույն չափով: 

 Հարցազրույցը' Քնարիկ Իսոյանի