Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Քաղաքականություն

Եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա. Դանիել Իոաննիսյան

Արցախում անցկացված ընտրությունների ողջ ընթացքում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» գործադիր տնօրեն Հովսեփ Ղազարյանը ներկայացրեց, որ որոշ դեպքերում դիտորդություն իրականացրել են տեսախցիկներով՝ կապված կորոնավիրուսի տարածման ռիսկերի հետ:

Նաև հավելեց, որ ՀՀ-ից ժամանած բոլոր դիտորդները անցել են թեստավորում:

Կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Հերմինե Գասպարյանն էլ հայտնեց, որ առաջին փուլում հնարավրություն են ունեցել դիտարկելու 49 տեղամասեր բոլոր շրջաններում, աշխատել են 113 դիտորդներ, երկրոդ փուլում առաքելություն իրականացրել են 65 դիտորդներով: 48 տեղամասեր դիտարկել են առցանց հեռարձակման միջոցով: 

«Առավոտյան ժամը 7-8-ի դրությամբ դիտորդներն արձանագրել են հանձնաժողովի անդամների կողմից վկայական չկրելու 16 դեպք, ոստիկանների ՝ առանց հանձնաժողովի նախագահի հրավերի քվեասենյակ մուտք գործելու դեպք 14 տեղամասերում, տեղամասային կենտրոններում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության 10 դեպք՝ 10 տեղամասերում, հանձնաժողովի գործառույթների վիճակահանության մեծ մասը պատշաճ ձևով չի իրականացվել, և 11 դիտարկված տեղամասերում հանձնաժողովի գործառույթների վիճակահանությունը տեղի է ունեցել ոչ թե քվեասենյակում, այլ կողքի սենյակում: Պատշաճ հերթափոխ ևս չի եղել»,-տեղեկացնում է Գասպարյանը:

Ինչ վերաբերում է ուղիղ հեռարձակման միջոցով 48 ընտրատեղամասերում կատարված դիտարկումների արդյունքներին, Գասպարյանն հայտնոմ է՝ դիտորդներն արձանագրել են տեղամասային կենտրոններում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության 80 դեպք, այդ թվում՝ ոստիկանների՝ տեղամասում գտնվելու դեպքեր, հանձնաժողովի անդամների և տեղամասում գտնվողների կողմից վկայականը տեսանելի չկրելու 86 դեպք, ընտրողների կողմից քվեաթերթիկը քվեախցից դուրս լրացնելու կամ ծալելու 260 դեպք, լուսանկարելու 9 դեպք, այլ անձի կողմից հանձնաժողովի նախագահի լիազորություններն իր վրա վերցնելու  21, դեպք և քվեասենյակում կուտակումների 15 դեպք:

Եղել են նաև դեպքեր, երբ հանձնաժողովի անդամները չեն կրել անհատական պաշտպանիչ միջոցներ, արձանագրել են դիտորդները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և ընդհանուր դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց, որ Մարտակերտում և Ստեփանակերտում տեսախցիկների օգնությամբ նկատել են, որ ընտրողները քվեախցիկներում լրացուցիչ  թղթերի շրջանառություն են իրականացնում, ինչը նման է քվեաթերթիկների կառուսելի, սրա վերաբերյալ ԱՀ-ի դատախազություն ներկայացված է հանցագործության մասին հաղորդում:

Ընտրություններին մասնակցության ցուցանիշը բարձր է եղել գյուղական բնակավայրերում՝ ի տարբերություն առաջին փուլի:

Իոաննիսյանը նաև հայտնեց, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը երկարաժամկետ դիտարկումների արդյունքում խնդիր է բարձրացրել վարչական ռեսուրսի կիրառման և քարոզչությանը զուգորդվող բարեգործության վերաբերյալ: 

Չնայած խախտումներին՝ Իոաննիսյանն  արձանագրեց, որ Արցախի ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն արդարության չափը էապես տարբերվում է ժողովրդավարական հասարակությանը ներկայացվող պահանջներից.

«Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ առաջին և երկրորդ փուլերում եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ թե՛ Ազգային ժողովի, թե՛ Հանրապետության նախագահի քվեարկության արդյունքների վրա»:

Հիշեցնենք՝ այս փուլում մրցում էին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ըստ ԿԸՀ տվյալների՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է ընտրողների 88 տոկոսը: