Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ օգնություն կստանան նպաստառու ընտանիքները
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 13-րդ միջոցառումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ միջոցառման շահառու են նպաստառու ընտանիքները: Ծրագրի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին։
«Միջոցառման շահառու են 2020-ի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Խոսքը շուրջ 85 հազար ընտանիքի մասին է։ Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլելտրական էներգիայի դիմաց վճար։ Բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին կանխիկ եղանակով»:
Բաթոյանը հավելեց, որ շուրջ 85 հազար ընտանիքներին օգնելու համար հատկացված միանվագ աջակցության համար նախատեսված է 1․2 միլիարդ դրամ։
Ինչ վերաբերում է օրավարձով աշխատողներին, վարչապետն ասաց՝ առնվազն օրավարձով աշխատողների 90 և ավելի տոկոսին օգնում են այս ծրագրով գումարած 7-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ ծրագրերով, որոնք նույնպես վերաբերում է էլեկտրաէներիգիայի և գազի բաժանորդներին:
«Երեկ ես մի քանի ժամ ժամանակ հատկացրի անձամբ կարդալու քաղաքացիների՝ իմ ֆեյսբուքյան էջին ուղղված նամակները, և կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մարդիկ համատարած տեղյակ չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու, սա պետք է մեզ ազդակ լինի, որ պետք է լուսաբանենք, բոլոր ծրագրերը ամենօրյա ռեժիմով և մանրամասն պետք է լուսաբանվեն, ցույց տրվեն կոնկրետ օրինակներ, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն՝ ինչ է կատարվում»:
Վարչապետը դժգոհեց, որ լրատվական համակարգը լավ չի աշխատում, օրինակ ՀԾՀ-ն(սոցիալական քարտի տվյալներ), որն անհրաժեշտ է լրացնել ծրագրերից օգտվելու համար, վարաչպետն ասաց՝ ինքն անձամբ չգիտի:
«Կներեք, ես չգիտեմ`ՀԾՀ-ն ի՞նչ ա, տեղեկատվության ՊՈԱԿ, պետք է դա բացատրեք մարդկանց»:
Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ին հանձնարարեց այլ բանով չզբաղվել, մարդկանց մանրամասն իրազեկել, թե ինչպես պետք է լրացնեն:
«Մենք էսօր միջոցառումները ընդունել ենք, ասել ենք՝ քաղաքացի, մենք քեզ էս-էս հարցերում օգնում ենք, բայց մենք այսօր խնդիր ունենք այդ օգնությունը ժամանակին տեղ հասցնելու և հետևաբար՝ բոլոր ուժերը պետք է դրվեն, որ աջակցությունը էս իրավիճակում րոպե առաջ հասնի մարդուն»:
Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարեց երկու ժամը մեկ ստուգել ՝ ինչպես է աշխատում համակարգը:
Փոխվարչապետը առաջարկեց մի փոքր դադար տալ, որի հետո համակարգը կկատարելագործվի, և 3 ժամում մարդիկ կդառնան շահառու։