Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-mu2bAJdxsq
A A
Մարզեր Հասարակություն

Կոյուղագիծ չկա․ պետք է կառուցվեն սեպտիկ հորեր․ Առինջի համայնքապետը՝ բնակիչների բարձրաձայնած խնդրի վերաբերյալ

Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչներն ահազանգել էին, որ հայտնվել են հակասանիտարական, համաճարակային իրավիճակում, քանի որ մի խումբ բնակիչներ կոյուղատար են դարձրել անձրեւատար խողովակները։ 

Բնակիչներից մեկը տեղեկացրել էր, որ կոյուղաջրերը հավաքվել, կուտակվել են, և հիմա այլ հոսելու տեղ չունենալու հետևանքով լցվում են բնակիչների տները, և գարշահոտին միացել է նաև տների քանդման վտանգը։

Խնդրի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի հետ։

Նա ասաց, որ բնակիչները նախկինում դիմել են համայքնապետարան։ 

«Այստեղ մի մեծ պրոբլեմատիկ հարց կա, որ կոյուղաջրերը այդ փոսից այնկողմ գնալու տեղ չունեին։ Մենք դիմել ենք «Վեոլիա ջրին», որպեսզի մեզ տան տեխնիկական պայմաններ, թե մենք որտեղ ենք կարող միացնել այդ կոյուղաջրերը, գտել ենք ներդրող, որը ցանկացել է կառուցել այդ սեպտիկ հորերը, որտեղից պոմպակայանների միջոցով այդ ջուրը կմղվի դեպի կոյուղի։ Հիմա ընթացքի մեջ են այդ աշխատանքները, նախագծման փուլում է։ Դա պետք է կատարվի, նախագիծը պետք է ներկայացնենք ներդրողին»,- մանրամասնեց համայնքապետը։

Գագիկ Սարգսյանի խոսքերով՝ այդ ջրերը գալիս են Բալահովիտ գյուղից, Բալահովիտում գործող զորամասից, Գետարգել գյուղից, Գետարգելում գործող զորամասից, նաև Առինջ գյուղի մի խումբ բնակիչներ ներքին կարգով, թաքուն կերպով գիծ են միացրել են այդ առվից։

«Բողոքներից տեղյակ ենք, շփվում ենք դիմողների հետ հաճախակի և իրենց ասում ենք, որ գործընթացը գնում է։ Գարնան և աշնան սեզոնին, քանի որ անձրևային վարարումներ են լինում, ջուրը մի քիչ շատ է գալիս։ Ինչ մնում է մի քանի օրում, մեկ ամսում դա վերացնելուն, այս խնդիրը 30 տարուց ավելի է՝ կա։ Կոյուղագիծ չկա, փոս է, փոսի մեջ էլ լուծումը մեկն է պետք է կառուցվեն սեպտիկ հորեր»,- շարունակեց նա։  

Ըստ համայնքապետի՝ բնակիչները մի քանի տարի է՝ այս խնդրով դիմում են, նախկինում այս խնդրով (2005 թվականին, երբ որ այդ տարածքները բաժանվել էին որպես բնակավայր) դիմել է իշխանություններին, նախկին իշխանության օրոք նախագիծը կազմվել էր, որը գնահատվել է 870 միլիոն դրամի սահմաններում։

«Ջրերն օրերը տաքանալուց հետո չեն գալիս, ցամաքում են։ Ցամաքում են, որովհետև այդ օրերին բնակիչները դրանով են ջրում իրենց այգիները։ Գալիս է աշնան և գարնան սեզոնին, ավելանում է, և իրոք գարշահոտ է սկսվում։ Հարցի լուծման համար պետական ծրագիր է պետք, որովհետև դրա հնարավորությունը համայնքը չունի։ Միգուցե որ ներդրող դա կառուցի, մնացածը կարվի համայնքի և ներդրումային ծրագրերի, սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Մի տարի առաջ էլ էինք հարցը բարձրացրել, ներդրող չէինք գտնում»,- նշեց Գագիկ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, Առինջի համայնքի ղեկավարն ասաց, որ 1 տարի է՝ դիմում է ընկերությանը, խնդրել է տալ միացման կետ, 10 օր առաջ էլ «Վեոլիա ջրից» պատասխանել են՝ նշելով, որ համայնքապետարանը ներկայացնի բոլոր բնակիչների սեփականության վկայականները և անձնագրերի վկայականները։ 

«Ես դիմում եմ «Վեոլիա ջուր», խնդրում եմ՝ Առինջի նորակառույց թաղամասի 650 ընտանիքի համար տվեք տեխնիկական պայմաններ, որտեղ կարող եմ միացնել։ Պատասխանը գալիս է՝ «տվեք բոլորի փաստաթղթերը»։ Բոլորի փաստաթղթերը հնարավոր չէ հավաքել, քանի որ 100 հոգի ապրում են այդ տարածքում, մի 2 հարյուր հոգի կարող է վկայական ունենալ, մի 2 հարյուր հոգին էլ չի գնացել վկայական հանելու։ Ես ո՞նց եմ կարող 650 հոգունը հավաքել։ Ես գյուղի համար եմ պայմաններ պահանջում, հո  անհատների համար չեմ պահանջում»,- շարունակեց  նա։

Համայքնապետը հավելեց, որ մարզպետարան էլ է գրություն փոխանցելու առավոտյան, որ մարզպետարանն էլ «Վեոլիա ջրին» այս խնդրով նորից տեղեկացնի։

Հարցին՝ ե՞րբ ներդրողը կսկսի կառուցել սեպտիկ հորերը, պատասխանեց «Իր շինարարությանը սկսելուն զուգահեռ բազմաբնակարան բնակելի տուն է կառուցելու»։  

Ավելի վաղ մենք խոսել էինք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ 

Մեզ հետ զրույցում մարզպետն ասաց, որ Առինջում ժամանակին նման խնդիր եղել է, և որ նոր ահազանգի մասին որևէ մեկը մարզպետարան չէր դիմել։ 

«Ինստիտուցիոնալ խողովակներ էլ մենք ունենք ունենք թեժ գիծ, ունենք համապատասխան վարչություն, ունենք մարզպետարանի ներկայացուցիչ Աբովյանի տարածաշրջանում, ունենք վերջապես բնակիչների կողմից ընտրված համայնքի ղեկավար, որն ի պաշտոնե ՏԻՄ օրենքով պարտավոր է նման հարցերը բարձրաձայնել և նման խնդիրների լուծումներ փնտրել, ինչպես նաև մեզ դիմել լուծման խնդրանքով կամ միջնորդությամբ»,- նշել էր Ռոմանոս Պետրոսյանը։

Կոտայքի մարզպետը խոստացել էր հանձնարարել և ստուգել։

«Եթե նոր խնդիր է, ապա կհասկանանք, թե ինչպես ենք լուծում։ Իսկ առհասարակ բնակիչների կողմից բարձրացված նմանատիպ խնդիրներին բնականաբար մենք չենք կարող ամբողջությամբ տիրապետել, որովհետև 251 հազար բնակիչ ունենք մեր մարզում, և յուրաքանչյուր բնակիչ կարող  է ահազանգել այս կամ այն խնդրով։ Հրապարակմանը (ասել էինք, որ «Ա1+»-ում երեկ հրապարակում է եղել այս թեմայով) ծանոթ չեմ, որովհետև երեկ շատ ծանրաբեռնված աշխատել ենք»,- եզրափակել էր նա։