Ոստիկանական ուժեղ հսկողություն Մարալիկում․ պարետատունը քննարկում է ելումուտն արգելելու հարցը. Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինՄարալիկում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացավ ևս 8-ով՝ հասնելով 18-ի։ Վարակակիրները Մարալիկի առողջության կենտրոնի բուժանձնակազմից են, գրում է aravot.am-ը։
Թեստավորել էին 61 հոգու, որոնցից 8-ի թեստի պատասխանը երեկ եկել էր դրական։ Մինչ այդ կորոնավիրուս հայտնաբերվել էր նաև 10 բուժաշխատակցի մոտ, այդ թվում՝ հիվանդանոցի գլխավոր բժշկուհու։ Մարալիկի առողջության կենտրոնում մասսայական նմուշառում էր կատարվել։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին կա 18 հաստատված դեպք, ամբողջ բուժանձնակազմին՝ 50-ից ավելի անձանց տրվել է ինքնամեկուսացման հրահանգ։ 40-ից ավել կոնտակտավորներ էլ գտնվում են մեկուսարաններում։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ որոշում ունեն Մարալիկի հիվանդանոցում ծառայությունները երկու շաբաթով դադարեցնելու։ «Նույնիսկ բացասական արդյունքով մարդկանց պարագայում ինքնամեկուսացման ցուցում է եղել։ Դրականները բոլորն այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են, բոլորի ինքնազգացողությունը՝ բացի անձնակազմի մեկ ներկայացուցչից, այս պահին բավարար է, լավ է։ Իրենց հետ կոնտակտի մեջ գտվող անձանց մեկուսացումն իրականացվել է, ինքնամեկուսացման ցուցումները շարունակաբար տրվում են, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ը այս պահին Մարալիկ բնակավայրում է և իրականացնում է այդ աշխատանքները։ Մեր կողմից ԱԻՆ-ի հետ համատեղ քննարկեց առողջության կենտրոնի ամբողջ տարածքն ախտահանելու խնդիրը, որը վաղը ԱԻՆ-ի կողմից կիրականացվի։ Այնտեղ շտապօգնության ծառայությունը օպերատիվորեն գործում է՝ Գյումրու և Արթիկի շտապօգնության բրիգադների անմիջական մասնակցությամբ։ Կքննարկենք մեխանիզմները հրատապ առողջապահական ծառայությունների հետ կապված, հավանաբար մոտակա բնակավայրերի ամբուլատորիաները որոշակի գործառույթներով կօգնեն, որպեսզի մենք այնտեղ բնականոն, որոշակի սահմանափակումներով իհարկե, շարունակենք բժշկական ծառայություններ իրականացնել»։ Մարզպետը նաև ասաց, որ Մարալիկում մարդկանց տեղաշարժման սահմանափակման հարցը քննարկվում է պարետատան հետ։ Ըստ մարզպետի, այս պահին Մարալիկում ոստիկանությունը խստացված ռեժիմով է իրականացնում հսկողությունը, մեծ թվով ոստիկանական ուժեր են այնտեղ, բնակչությունը ևս պատասխանատվությամբ ու ըմբռնումով է մոտենում ստեղծված իրավիճակին, և բուն տեղաշարժը բնակավայրում շատ քիչ է։ «Մարալիկի պարագայում ունենք մեկ մոտեցում մայրուղու, միակ ճանապարհն անցնում է Մարալիկ, Ձորակապ բնակավայրերի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով՝ մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը, բավականին հստակ մոտեցումներ ունենալ, տրանզիտն առանձնացնել այլ տեղաշարժերից, խիստ սահմանափակում դնել, առաջնային անհրաժեշտության ապրանքների, վառելիքի հետ կապված առանձին մոտեցում, երբ որ ամբողջական փաթեթը պատրաստ կլինի, արդեն պարետատունը համապատասխան հայտարարությամբ և որոշմամբ հանդես կգա»,-ասաց մարզպետը։ Նա նաև նշեց, որ Գյումրիից Երևան մյուս ճանապարհները բաց են, սահմանափակումներ չկան։ Նա նաև տեղեկացրեց, որ Շիրակի մարզում կոնորավիրուսով վարակվածների թիվը 37 է։ Ըստ նրա, քանի որ պոլիկլինիկաներից ու առողջության կենտրոններ դիմում են մարդիկ որոշակի ախտանիշներով, նմուշառում է կատարվել և երեկ ունեցել են ևս մեկ դրական դեպք։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ը ֆիքսել է նրա շփման շրջանակը՝ նաև աշխատանքային միջավայրում։ Կոնտակտավորները Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացման մեջ են գտնվում, օջախը պարզ է։