«Թատրոնը չի դիմանում ՊՈԱԿ-ի եւ այս աշխատանքային օրենսգրքի կանոններին, այն այլ տեմպերամենտ ունի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կաղնին չի տեղավորվում ծաղկամանի մեջ», սա ճիշտ նույնն է, որ թատրոնը չի տեղավորվում ՊՈԱԿ կարգավիճակի մեջ։ Արդի հայ թատրոնի զարգացման համար կան էական խնդիրներ, որպես ստեղծագործական կառույց այն չի տեղավորվում այն կարգավիճակի մեջ, որտեղ դրված է։
Այս մասին ասում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի կազմակերպած առցանց հանդիպման ժամանակ։
«Մենք հաճախ ասում ենք, որ թատրոնը կարեւոր է, լավ բան է, բայց միշտ չէ, որ թատրոնին վերաբերվում ենք իրեն արժանի ձեւով։ Շեքսպիրը «Համլետում» ասում է, որ դերասաններին վերաբերվեք ոչ թե իրենց արժանիքին համեմատ, այլ ձեր արժանիքի համեմատ»,- ասում է Վարդան Մկրտչյանը։
Այսօրը՝ ապրիլի 23-ը, Վիլյամ Շեքսպիրի մահվան օրն է, բայց, ինչպես ասում է Վարդան Մկրտչյանը, այդ մահով սկսվում եւ շարունակվում է զարգանալ թատրոնը, այսինքն՝ մահանում է մարմինը,իսկ գաղափարը եւ Շեքսպիրը՝ որպես թատրոն երեւույթի նույնականացում, շարունակվում է ծավալվել։
«Շեքսպիրը բոլոր ժամանակների մեծագույն թատերական երեւույթներից է։ Երբ Թումանյանը ասում է՝ «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար», ես սա ավելի գլոբալ եմ հասկանում, թումանյանական այս մեջբերումը ավելի լայն ընկալում ունի, ոչ միայն լեզվամտածողության առումով, այլ ընդհանրապես, մշակույթի առումով»,-ասում է նա:
Ըստ նրա՝ մեր հասարակության մեջ թատրոնի էության արժեքը այնքան էլ գիտակցված չէ․ «Չգիտես՝ ինչու, մարդկանց թվում է, թե իրենք հասկանում են թատրոնից, եւ շատ հեշտությամբ որակումներ են տրվում։ Այո, թատրոնը նաեւ թամաշայի, զվարճանքի վայր է, բայց, կարծում եմ, ամբողջական գիտակցում չունենք։ Իմ կարծիքով՝ որեւէ լավ, առողջ հասարակություն պարտավոր է ունենալ լավ թատրոն, եւ թատրոնը, եթե ընդունում ենք, որ պետության փոքր մոդելն է, ապա արտացոլում է տվյալ հասարակության, պետության ընդհանրական վիճակը»։
Թատրոնների չգործելը, համավարակով պայմանավորված, ամենեւին չի ենթադրում, որ այս ամենից հետո առաջանալու է նոր տեսակ, եւ հանդիսատեսը կարիք չի ունենալու թատրոն գնալու։
«Չեմ կարծում, որ մարդ արարածը շփման եւ կենդանի հաղորդակցման կարիք չունենա, ինչպես նաեւ չունենա գեղարվեստական արժեքի հետ հաղորդակցվելու կարիք, քանի մարդը կունենա այդ կարիքը, թատրոնը կշարունակի։ Առաջիկայում աշխարհի մեծագույն թատրոնները նվազագույնը մինչեւ աշուն փակ են հանդիսատեսի առաջ։ Բայց սա դեռ չի նշանակում, որ պետք է հիասթափվել եւ տրվել ոչ մասնագիտական զրույցներին»,-ասաց նա:
Թատրոնի տնօրենը նկատում է, որ Հայաստանում չկա թատերասերների համայնք, որը կարող է ուժերը ներդնել եւ ձեւավորել հզոր թատրոն, որը մրցակցային կլինի նաեւ Հայաստանից դուրս, բայց սրան զուգահեռ կան նաեւ թատրոն հաճախող մարդիկ։
«Ես երբեմն մտածում եմ, որ մեր իրականության մեջ պարզապես մշակութային գործունեություն ծավալել հնարավոր չէ։ Վերջին 10-ը տարիների ընթացքում ընդամենը մեկ օրենք է ընդունվել հօգուտ թատրոնի, այսինքն՝ ստեղծագործական պրոցեսին նպաստող մեկ օրենք։ Թատրոնը չի դիմանում ՊՈԱԿ-ի եւ այս աշխատանքային օրենսգրքի կանոններին, այն այլ տեմպերամենտ ունեցող կառույց է։ Մշակութային գործունեության համար պետք է ստեղծվի գործունեության դաշտ, որից հետո հայ մարդու տաղանդի վրա կասկած չունեմ»,- հավելում է Վարդան Մկրտչյանը։