Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ի՞նչ դատա-իրավական փոփոխություններ են նախատեսվում․ քննարկում են Փաշինյանը և Բադասյանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության շենքում քննարկում են դատա-իրավական բարեփոխումների հարցը։

Բադասյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել դատական իշխանությունը բարելավելու ուղղությամբ։ Նա նշեց, որ Հայաստանում կա 244 դատավոր, որոնցից 183-ը՝ Առաջին ատյանի, 44-ը՝ Վերաքննիչ, 17-ը՝ Վճռաբեկ դատարաններում։

Նախարարի խոսքերով՝ դատական իշխանության բարելավման ուղղությամբ առաջին պայմանը դատավորին արժանի աշխատավարձն է։

«Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով  դատավաորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, եթե կառավարության կողմից ընդունվի, 21 թվականին՝ 60 տոկոսով և 22 թվականին՝ 70 տոկոսով»,- շարունակեց Ռուստամ Բադասյանը։

Առաջին Ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար, Վերաքննիչինը՝ 727 հազար, Վճռաբեկինը՝ 760 հազար ՀՀ դրամ։

Աշխատավարձերի մասով Փաշինյանը նկատել տվեց, որ դա արվում է ոչ այնքան դատավորների, որքան քաղաքացիների համար, որոնք վարչապետին, նախարարին, կառավարությանը նամակ են գրում, թե՝ «գույքը ձեռքիցս վերցրեցին, դատարան դիմեցի տարիներով քաշքշուկ ա, տենց էլ անարդար ձևով լուծվեց», մեկն ասում է՝ «իմ երեխային անարդար ձևով դատապարտեցին  ազատազրկման» և այլն։ Աշխատավարձը բարձրացվում է, որպեսզի նման երևույթները բացառվեն։

Երկրորդ պայմանը, արդարադատության գերատեսչության ղեկավարի խոսքերով, թվայնացման գործընթացի արագացումն ու շատացումն է։ Խոսքը վերաբերում է էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացմանը, քննարկմանը, վերջնական դատական ակտի կայացմանը, և ակտի դուրս հանելը համակարգից թվայնացված չէ։ Ըստ նրա՝ առաջին քայլն արվել է․ վճարման կարգադրությունների պրոցեսն ամբողջությամբ թվայնացված է։

Մյուս քայլը, ըստ Բադասյանի՝ սնանկության գործերի թվայանցումն է, և այս գործերը սկզբից մինչև վերջ թվայնացված կլինեն։

Անդրադառնալով դատավորների ընտրության հարցին՝ նախարարն ասաց, որ Դատական օրենսգրքում երկու գործիք է նեդրվել, որը համարվում է թեկնածուների բարեվարքության ստուգում։ 

«Առաջինը հոգեբանական թեստավորումն է։ Հիմա էլ է իրականացվում, բայց կարելի է ասել, որ ձևական բնույթ է կրում։ Դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում մայիսի 2-ին և եռամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը պետք է սահմանի հոգեբանական թեստավորման չափանիշները։ Եվ 6 ամսվա ընթացքում արդեն Արդարադատության նախարարությունն այդ ճափանիշների հիման վրա պետք է գործարկի էլեկտրոնային ծրագիր»,- մանրամասնեց Բադասյանը՝ նշելով, որ դատավորի թեկնածուն այս ծրագորվ անցնելու է հոգեբանական թեստավորում, և ԲԴԽ-ն դատավորի թեկնածությունը քննարկելիս ունենում է խորհրդատվական եզրակացություն։

Արդարադատության նախարարի փոխանցմամբ՝ բարեվարքության ստուգումն այն է, որ դատավորի յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որը տեղեկություններ է պարունակում իր նախորդ գործունեության, կարգապահական պատասխանատվությունների, ընտանիքի և գույքային դրության մասին։  

Նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկնածու դատավորի ֆինանսական կարողությունների վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն է տալիս ԲԴԽ-ին։

 

Մանրամասները՝ տեսանյութում