Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ էլ նախկինների հետ․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Արշավ սկսվեց, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող, հիմնական մեղավոր։ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով օրեր առաջ խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպին։

«Ամեն ինչ արել են, փորձել են մեզ տեղափոխել այն դաշտը, որը մերը չի։ Այսինքն՝ սպառնալիքներ, ինչ-որ իրավիճակներ, որոնք փորձ կանեն մեզ դուրս դնել օրենքից, մենք չենք մտնելու այդ դաշտի մեջ։ Միս ու արյունից մարդիկ ենք, և տարբեր իրավիճակներում մի տեղ նյարդերն են տեղի տալիս, մյուս տեղը համբերության բաժակն է լցվում։ Տարբեր տեղերում մենք նույնպես թույլ ենք տվել որոշակի վրպակներ, որի համար ցավում ենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և հարց տալիս վարչապետին, թե դատապարտե՞ց իր վրա հարձակվողին, մեջքից խփող պատգամավորներին, ու ինքն իր հարցին պատասխանում՝ ոչ։

«Օրեր են անցնում, սպառնալիքները թեժանում են, արդեն զինված սպառնալիքներ։ Ո՞ւր է վարչապետը, դատապարտե՞լ, ինչ-որ բան արե՞լ է այդ ուղղությամբ, շարունակում է չանել, և այդ ամենը սրվում է։ Արդեն ազատամարտիկներ են այս թեմայի մեջ խառնվում։ Մտովի հետ եմ գնում 2008-2009թթ․ և հիշում եմ, երբ այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին, նրանք այսօր իբր թե պաշտպանում են Սասուն Միքայելյանին»,- նշեց պարոն Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պնդեց, որ շարունակելու են խոսել և այդ միջադեպի հետ կապված դեռ սպասում են քաղաքական գնահատականների ու հետևանքների։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ խմբակցությունը կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ էլ նախկինների հետ։

«Այսուհետ ԼՀԿ որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի, որովհետև այս օրերին մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների, դա չեղավ»,- նշեց նա։

ԼՀԿ ղեկավարը շահարկումներ որակեց նաև այն պնդումները, թե իրենք դեմ են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, այդ իսկ պատճառով վերջերս խմբակցության վարքագիծը փոփոխվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։