Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Հարցազրույց Տնտեսություն

Լինսի  հիմնադրամից հայտնի Էդուարդ Բեզոյանը նորից ճանապարհներ է կառուցում, Ռոբերտ Քոչարյանի մասին էլ չի խոսում

2000-2009թթ. Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը հիմա էլ Հայաստանում ակտիվորեն մասնակցում է ճանապարհաշինարարական և շինարարական այլ ծրագրերին: 2010թ. նրա հիմնադրած «Ճանապարհ» ՍՊԸ-ն անցած մեկ տասնամյակում մասնակցել է պետական մրցույթներին: Եվ Լինսի հիմնադրամի գործունեության բացասական համբավը չի խանգարել, որ Է. Բեզոյանը շինարարական գործունեություն ծավալի նաև հեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ թե «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի, թե Լինսի հիմնադրամի ողջ շինարարական աշխատանքների վերաբերյալ ժամանակին բազմաթիվ էին հրապարակումները, որ անորակ աշխատանք է կատարվել, որ գումարներ են փոշիացվել և պետական ու բարերար Քըրք Քըրքորյանի նվիրաբերած գումարների մի մասը մասնակիցներն ու նրանց ղեկավարները պարզապես գողացել են:

Կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելու և արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող մարդկանց գործով ապահովելու համար կառավարությունը որոշել է 100 կրթական և այլ օբյեկտներ վերանորոգել, կառուցել և վերանորոգել մոտ 500 կմ ճանապարհ:

Էդուարդ Բեզոյանին պատկանող ընկերությունը հավանաբար կմասնակցի նաև այդ ծրագրերի մրցույթներին: Նա «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, թե իրենց աշխատանքներում ընդգրկում են ծրագրի իրականացման վայրերի բնակիչներին:

«Հիմա սահմանի վրա կրակոցների տակ գտնվող Բերքաբեր գյուղի ճանապարհն ենք կառուցում, որտեղ ընդգրկված են տեղի բնակիչները: Նաև դեպի Մակարավանք տանող ճանապարհը, որտեղ այդ վայրի բնակիչներն են աշխատում: Նույնն էլ Լոռու մարզում է, որտեղ մենք երկու օբյեկտի շինաշխատանքներ ենք շահել և ընդգրկել ենք Տաշիրի բնակիչներին»,- ասաց նա:

Բեզոյանի հետ «Ա1+»-ը զրուցեց ճանապարհաշինության, Լինսի հիմնադրամի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ հարցերի մասին է։

- Պարոն Բեզոյան, որքան եք վճարում աշխատողներին, արտագնա աշխատանքի չմեկնած տղամարդիկ այդ գումարով կարո՞ղ են իրենց ընտանիքները պահել:

-  Մենք  ունենք 165 աշխատող, 50-60 հոգի էլ դեռ պահանջվում է: Մեզ մոտ միջին աշխատավարձը 200-250 հազար դրամ է, ավելի շատ, քան դրսում են ստանում: Որոշները կարող է, ավելի բարձր ստանան: Ճանապարհաշինությունը հիմնականում բարձր մասնագիտական կրթություն և փորձ է պահանջում:

- Գործող իշխանությունների կողմից ձեր նկատմամբ չկա՞ անվստահություն: Չէ որ Լինսի հիմնադրամի ճանապարհաշինարարական աշխատանքների դեպքում հրապարակումներ, կարծիքներ կային, որ չարաշահումներ, որոշ դեպքերում անորակ աշխատանք է իրականացվում:

- Ես երկար տարիների ճանապարհաշինարար եմ և «Ճանապարհաշինարարների  ասոցիացիայի» խորհրդի նախագահն եմ, այդ ոլորտում մեր աշխատանքը սրբությամբ ու շատ լավ ենք կատարում: Միգուցե առանձին փոքր-մոքր թերություններ լինեն, բայց կարող եմ ասել, որ 2001 թվականից Լինսի հիմնադրամով կատարված ճանապարհները մինչև հիմա շատ փոքր վերանորոգման կարիք են զգացել: Եվ ինչ նշանակություն ունի, թե պետության ղեկավարները ովքեր են, մենք պետության ծառան ենք: Իսկ մեղադրանքներ կան նաև լրագրողների նկատմամբ, բայց դրանք նրանց արած գործի ընդամենը մեկ տոկոսն են: Իսկ ով գործ է կատարում, հնարավոր չէ դրա մեկ կամ կես տոկոսը չփնովվի: Մենք այն ժամանակ արեցինք այն աշխատանքները, որն անգամ Սովետական միությունը չէր արել: Ինչո՞ւ չեք հիշում Սևան-Դիլիջան թունելը, Սարալանջի ճանապարհով անցնելիս` ի՞նչ եք զգում:

- Ասում էին, որ Լինսի հիմնադրամին բարերար Քըրք Քըրքորյանի նվիրաբերած 250 մլն դոլարի գումարների մի մասը գողացվեց, լվացվեց շինարարության մեջ: Եվ այդ պատճառով նա հրաժարվեց հետագայում նոր գումար նվիրաբերելուց:

- Լավ չեք հիշում, այդ գումարը մի քանի ծրագրերի համար էր ուղարկվել: Դա դեմագոգիկ զրույցների շարքից է: Նրա տված գումարը Լինսի գաղափարի ընդամենը 10-15 տոկոսն է եղել: Եվ Հայաստանում իրականացրած այդ ծրագրերը գովասանքի արժանի են եղել: Բացեք կարդացեք այն ժամանակվա անգամ ընդդիմադիր թերթերը, որ այդ գումարներով տեղին և որակով աշխատանքներ են կատարվել:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այն ժամանակ խմբագրած ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթում հակառակ հրապարակումներ կային:

- Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով ինչ թերթի խմբագիր է եղել, բայց եթե մի թերություն են տեսել և բացահայտել, փառք ու պատիվ իրենց: Ինչ կապ ունի կառավարման շրջանը, կամ պարոն Փաշինյանն ով է եղել: Միայն այդ թերթը չի եղել, տասնյակ թերթեր են եղել: Մի թերթի խմբագիրն էլ Արամ Աբրահամյանն էր: Իսկ «Ճանապարհ» ընկերությունը ՀՀ-ում ամենալավ աշխատանքներ կատարողն է, բոլորը գովաբանում են:

- Ինչպե՞ս եք վերաբերում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին: Դուք նրա հետ մտերիմ էիք:

- Ես քաղաքականությունից շատ հեռու եմ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև պարոն Փաշինյանը քաղաքականությամբ չեմ զբաղվել: Ես դասավանդում եմ և ուրախ եմ, որ ՀՀ-ի համար ճանապարհաշինարարներ եմ պատրաստում, ինձ լավ եմ զգում և որևէ խնդիր չունեմ:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը:

- Դա պետական ճիշտ քաղաքականություն է, և այն չավարտելը կնշանակի մեր երկիրը դատապարտել տարանցիկ ճանապարհ չունենալու ճակատագրին: Մենք պարտավոր ենք հատկապես Սյունիքի մարզում ունենալ այդ ճանապարհը:

- Տեղյա՞կ եք ինչ վիճակում է այդ մայրուղու՝ հատկապես Աշտարակի հատվածը:

- Ես Հայաստանի բոլոր ճանապարհներն անգիր գիտեմ իրենց բոլոր թերություններով և ամեն ինչ տեսնում եմ: Աշտարակի ճանապարհի թերությունը, դուք էլ գիտեք, որ բետոնածածկը սկսել է քանդվել: Դրա համար պետք է եվրոպական այդ ընկերությունը պատժվի:

- Տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ասում էր, որ միջազգային չափանիշներով որակյալ ճանապարհ է կառուցվում:

- Նախկին նախարարի այդ արտահայտությունները 99 տոկոսով լայնության, թեքության և այլ երկրաչափական պարամետրերի միջազգային չափորոշիչների մասին էին, իսկ եթե վերևի հատվածը թերի է, պետք է գան ու այն վերացնեն: Տեսած կաք, որ Երևան-Աշտարակ-Գյումրի հատվածը` կա՞ն  նստվածքներ: Իհարկե, ոչ: Հետո ես չեմ ուզում որևէ մեկի ասածին գնահատական տալ:

- Համաձա՞յն եք, որ այդ ծրագրում էլ մեծ չարաշահումներ են եղել, գումարներ են գողացել, որ նախագիծն արդեն պետք է ավարտված լիներ, բայց ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է կառուցվել,այն էլ`թերություններով:

- Չեմ կարող ասել, որովհետև ես այդ ծրագրին մասնակից չեմ եղել, պարզապես նախագծերի քննարկման ժամանակ տեխնիկական լուծումների վերաբերյալ իմ մտահոգություններն եմ հայտնել: Ինչ վերաբերում է կառուցման ժամկետին, ապա նման հսկայածավալ աշխատանքները միայն ՀՀ ռեսուրսներով առանց մեծ ներդրումների հնարավոր չէ իրականացնել: Այդ ծրագիրը պետք է ավարտվեր 2019թ., բայց ես ասել եմ, որ դա հնարավոր չէ: Եվ համոզված եմ, որ եթե այսօր սկսենք ու ավարտենք 2030թ.,  կհամարենք, որ մեծ գործ է արվել: Դա թունելներով, կամուրջներով և այլ լուծումներով ծավալուն աշխատանք է: