Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքական գործունեության մեջ երբեք չեմ վախեցել մենակ մնալ. Փաշինյան (տեսանյութ)

Ինչպե՞ս է ստացվում, որ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է ունեում իր հետ ճանապարհ անցած ուժերի և անձանց հետ,-այսօրվա ասուլիսում հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին:  

Վարչապետը նախ ընդգծեց՝ իր քաղաքական գործունեության ընթացքում երբեք չի վախեցել մենակ մնալուց, և եղել են պահեր, երբ իր միակ համախոհները եղել են իր ընտանիքի անդամները:

Իր հետ քաղաքական ճանապարհ անցած ուժերի մասին ասաց.

«Ես ունեցել եմ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ պատկերացումները, և այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի ունեցած պատկերացումների հետ․ մի պահից այդ պատկերացումները ընդհանրապես դադարել են գոյություն ունենալ»:  

Այս համատեքստում  ՀԱԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ քաղաքական հարաբերությունների խզման պատճառ եղել է քաղաքական զարգացումների շուրջ ունեցած պատկերացումների պատճառով  առաջ եկած տարաձայնությունները:

 Իր  անցած ամենակարևոր ճանապարհը վարչապետը համարեց համախոհների փոքր թվով 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը:

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ «Լուսավոր Հայաստանի» հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել, երբ «Ելք» խմբակցությունում քննարկել են, որ պետք է թույլ չտան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի մեկնարկը և դրա դեմ քայլարշավ են սկսելու:

«Լուսավոր Հայասանի» հետ ներկայիս իշխող ուժը, վարչապետի խոսքով, ունեցել է գաղափարական խորը տարաձայնություններ հենց այս հարցի շուրջ.

«Կյանքը ցույց տվեց, որ առնվազն այս մասով իմ պատկերացումները ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները»:

Ինչ վերաբերում է լրագրողական  հանրության վերաբերյալ վարչապետի կոշտ գնահատականներին և ունեցած տարաձայնություններին, այստեղ ևս շեշտում է՝ չի վախեցել մենակ մնալուց, ասում է՝ իր լրագրողական գործունեությունը ի սկզբանե ընկալել է որպես քաղաքական գործունեության մաս, և շատ լրագրողներ իրեն որպես 100 տոկոսանոց լրագրող չեն ընդունել:

«Հիմա լրագրողական հանրության հետ ես շփվում եմ որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող բարդություններով և նրբություններով»: