Մինչ օրս որևէ մեկը չի դատապարտվել խոշտանգման համար․ Մարդու իրավունքների պաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽոշտանգման արգելքը ունի բացարձակ բնույթ, այն չի ճանաչում որեւէ բացառություն՝ անկախ հանցանքի տեսակից, անկախ նրանից՝ ով է հանցանք կատարող անձը։ Ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հայաստանի քրեական նախկին օրենսգիրքը ուժեղ ցավ, մարմնական կամ հոգեկան տառապանք առաջացնող խոշտանգման համար նույնպես սահմանում էր պատիժ։ Եթե նախկինում խոշտանգման համար պատիժն առավելագույնը 7 տարի էր, ապա 2015թ օրենսդրական փոփոխություններից հետո այն հասնում է մինչեւ 12 տարվա։
Փոփոխվել է խոշտանգման հանցակազմի իրավական ձևակերպումը եւ ամբողջովին համապատասխանեցվել ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի առաջին հոդվածին:
309․1 հոդվածն արդեն որպես սուբյեկտ մատնանշում է պաշտոնատար անձին կամ պետական մարմնի անունից հանդես եկողին, որը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում կամ մեկ ուրիշին դրդում՝ օրինակ խոստովանություն ստանալու նպատակով։
Բացի այդ՝ գործող քրեադատավարական կարգավորումներով խոշտանգման դեպքերի համար նախատեսվում է հանրային մեղադրանքի ռեժիմ, այսինքն՝ քրեական գործ հարուցելու համար տուժողի բողոքը պարտադիր պայման չէ:
Ըստ Արման Թաթոյանի՝ խոշտանգման մեր հանցակազմը լիարժեք համապատասխանում է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայի պահանջներին, ավելին խոշտանգման հանցակազմի մեր Քրեական օրենսգրքի բնորոշումը նույնիսկ ավելի առաջատար է, քան ՄԱԿ ի ձեւակերպումը։
Օրենքը օրենք, բայց փաստն այն է, որ դատարանները հինգ տարում որեւէ մեկին չեն դատապարտել այս հոդվածով։
Արման Թաթոյանը նաեւ անդրադառնում է հոգեբուժական ծառայությունների խնդրին։ ՄԻՊ աշխատակազմը այս հաստատությունները մշտապես վերահսկում է։ Ըստ Պաշտպանի՝ տարիներով մարդիկ մոռացված են եղել այդ հաստատություններում։
Մեր երկրում խնդիր է նաեւ միայն հոգեբուժարանների աշխատողների աշխատողների չափը, եւ ամենակարեւորը՝ հոգեբույժների քանակը։ Օրինակ՝ Սյունիքում կա երկու հոգեբույժ, եւ ինչ կլինի՝ երբ նրանք չաշխատեն։
Մանրամասները տեսանյութում