«Սերժ Սարգսյանի հիմքերն են ամրապնդում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսության այսօրվա պրոբլեմների 90 տոկոսը կուտակվել է վերջին տասնամյակի տնտեսական քաղաքականության արդյունքում,-այսօր պատասխանելով «Ա1+»-ի` Քոչարյանի օրերս արած տնտեսական վերլուծության վերաբերյալ հարցին` ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա, աշխարհը չէր կարող այդ աստիճանի էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա, «որովհետեւ ՀՀ-ն այնքան փոքր է, քարտեզի վրա չի երեւում, ճիշտ այդպես էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող այդքան լավ տեսնել Հայաստանը»:
Նա գտնում է, որ Քոչարյանի հայտարարությունների հիմքում դրված է լրիվ ուրիշ երեւույթ. «Քոչարյանը փորձում է քաղաքական ռեաբիլիտացիա անցնել, այնուհանդերձ մեր հասարակության մեջ Քոչարյան կերպարը ավելի շատ փոխկապակցված է մարտի 1-ի սպանդի հետ»:
Բագրատ Ասատրյանի կարծիքով` նման սուր գնահատականներ էլի կլինեն, տնտեսական, սոցիալական քաղաքականության վերաբերյալ, «այդ թվում թվացյալ տպավորություն ստեղծելով, թե այսօրվա իշխանությունների հետ տարբերվում են տեսակետները»:
Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ նաեւ ճգնաժամի հաղթահարման նպատակով վարկային հսկայական միջոցների ներգրավման նպատակահարմարությանը:
«Ես կարծում եմ, որ անցած տարի այդ փողի անզուսպ պահանջը, որ դրսեւորեց մեր իշխանությունը, ի չարս է գնալու: Ոչ այնքան դրական, որքան բացասական հետեւանքներ է ունենալու մեր տնտեսության վրա, որովհետեւ փողը այդպես էլ չծախսվեց, կամ արդյունավետ չծախսվեց. եթե փողը բերում էին բյուջետային ճեղքերը փակելու համար, դա մեզ պետք չէր, եթե բերում էին միայն արտասահմանից եւ բավականին բարձր տոկոսներով դա մեզ պետք չէր»,-հայտարարեց ԿԲ նախկին նախագահը:
Նա այսօր հայտարարեց, որ մեր տնտեսության մեջ «դրամի ծավալի փախուստ» կա եւ բերեց թվեր:
Եթե 2008թվականի դեկտեմբերին կանխիկ դրամը մեր տնտեսության մեջ կազմում էր 344 մլրդ դրամ, ապա 2009 թվականին այն արդեն 320 մլրդ դրամ էր, իսկ 2010 թվականի մարտի 25-ի տվյալներով 274 մլրդ դրամ, միայն 3 ամսում 45 մլրդ դրամի կրճատում է դիտվել:
Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ, «փողատերերը` պաշտոնյաներն ու նրանց հարազատները», այսօր գերադասում են ներդրումներ անել ոչ թե ՀՀ տնտեսության մեջ, այլ դրսում` օրինակ Վրաստանում, որտեղ պայմանները շատ ավելի նպաստավոր են:
Բագրատ Ասատրյանը ուշադրություն հրավիրեց նաեւ դրամի ոչ միայն արժեզրկման, այլեւ հեղինակազրկման վրա: Այսօր եւ ավանդներն են ավելի շատ տրվում դոլարով, եւ ներդրումները, բանկային համակարգում անցած տարվա ընթացքում վարկային ներդրումների ծավալը դոլարով 38 տոկոսից աճել են մինչեւ 51 տոկոս: Իսկ դրամային ավանդները 46 տոկոսից հասել են 25 տոկոսի:
Իսկ ընդհանրապես բոլորի խնդիրների հիմքում, ըստ Բագրատ Ասատրյանի, այն է, որ «չկա տարվող հստակ տնտեսական քաղաքականություն, գնում է ոչ միայն տնտեսության, այլեւ պետականության հիմքերի քայքայում, ամեն ինչ անձնավորված է, իսկ գործադիր իշխանությունը զբաղված է Սերժ Սարգսյանի հիմքերն ամրապնդելով»: