Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է․
Դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է․ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։
Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույնպես հաղորդագրություն է տարածել , որում ասվում է.
«Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին։
ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ»:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նկար է տեղադրվել՝ մակագրված՝ տանը։