Սա մեկ երրորդով թարմացված բանաձև է, եւ ուժեղացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը․ Արտակ Ապիտոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի մեկնաբանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունման վերաբերյալ
▪️Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, ընդ որում՝ այստեղ ներգրավված էին երկրներ բոլոր 5 տարածաշրջաններից՝ ԵՄ բոլոր անդամ երկրները, եվրոպական այլ երկրներ, Ասիայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Լատինական Ամերիկայից, Ավտրալիան, Կանադան։ Նման լայնածավալ աջակցությունը վկայում է այն կարևորության մասին, որ միջազգային հանրությունը հատկացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին։
▪️Բանաձևը ևս մեկ անգամ կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քանի որ ընդունված փաստ է, որ այդ զանգվածային խախտումները, որոնք ունենում են էթնիկ, կրոնական և այլ բաղադրիչ, հետագայում կարող են հանգեցնել ցեղասպանությունների։ Մեր ներկայացրած բանաձևը ևս մեկ անգամ ամրապնդում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների, մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների հատուկ ընթացակարգերի միջև սերտ կապի հաստատումը՝ որպես վաղ կանխարգելման միջոցների ամրապնդման կարևորագույն գործոն:
- Հատուկ շեշտադրվում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխարգելման դերը՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն մաս. գաղտնիք չէ, որ ցեղասպանությունների ընթացքում նրանց հանդեպ բռնությունները հանդիսանում են գործողությունների բաղադրիչ։
- Այս տարի ներդրված մեկ այլ նորամուծություն հուշարձանների պահպանման և հուշարձանների, հիշատակի վայրերի պահպանման կարևորությունն է՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանությունների վերաբերյալ հիշողության փոխանցման կարևորագույն խնդիր։
- Ներկայացվում է նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, և, մասնավորապես, նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը համարվում է գործոն, որը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։
- Բանաձևի կարևորագույն բնութագրիչներից է ցեղասպանությունների կանխարգելմանը հատուկ գործնական քայլերով ուղղորդելու անհրաժեշտությունը, որն էլ ավելի ամրապնդում է միջազգային հանրության ջանքերն այդ սարսափելի ոճրագործությունն այլևս երբեք թույլ չտալու ուղղությամբ։
- Այս բանաձևը ևս մեկ որակապես նոր քայլ է, մեկ երրորդով թարմացված բանաձև է և բերում է բազմաթիվ նոր բաղադրիչներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն ուժեղացնելու համար։