7230 քաղաքացի դատարան դիմեց միաժամանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին7230 քաղաքացիների միացել են գազի սակագնի թանկացման դեմ ՀԱԿ հայցադիմումին, որն այսօր ներկայացվեց Վարչական դատարան:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայցադիմումի պատճենները ներկայացրին «ՀայՌուսգազարդ»-ին, «Տրանսգազ»-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Ֆինանսների նախարարությանը:
Այս հաստատությունների ընդհանուր բաժնի աշխատակիցները սկզբում զարմանում էին այդքան շատ հայցադիմումներ տեսնելով եւ տարակուսում, թե ինչպես են դրանք մուտքագրելու:
Սակայն հետո թեթեւացած շունչ էին քաշում` իմանալով, որ մեկ հայց է, իսկ այդ 7230-ը համահայցվորներ են: Այդքան ստորագրություն հավաքվել է երկու շաբաթվա ընթացքում: ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը նշեց, որ մինչ օրս քաղաքացիները միանում են իրենց ստորագրությամբ այս հայցին:
Փաստաբան Վահե Հովսեփյանը, չնայած ՀՀ արդարադատության հետ այնքան էլ շատ հույսեր չի կապում, սակայն լռելն էլ անիմաստ է համարում:
Նա նշեց, որ Ուկրաինայում էլ է նման նախադեպ եղել, եւ գազի սակագինը չի բարձրացել: Ըստ Վահե Հովսեփյանի` գազի գնի թանկացումը ազդելու է նաեւ մյուս ապրանքների գների վրա:
7 օրվա ընթացքում Վարչական դատարանը բոլոր 7230 համահայցվորներին պետք է տեղյակ պահի, թե ընդունել է հայցը վարույթ, թե ոչ:
Նշենք, որ ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց բնակիչները վճարելու են 132000 դրամ` նախկին 96000 դրամի, իսկ խոշոր սպառողները` 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն: