Ախորժակը դեռ չի բացվում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն ինտելեկտուալ զարգացվածությամբ ԱՄՆ-ից հետո 2-րդն է: Այս կարծիքին է Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Թուրեն, որ այսօր մասնակցում էր կլոր սեղանի` նվիրված կապի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների խնդիրներին:
Քննարկմանն այսօր մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի, Կապի ու տրանսպորտի նախարարները, պետական այլ պաշտոնյաներ, հայաստանյան 3 բջջային կապի օպերատորները եւ մի շարք պրովայդերներ:
Համադուն Թուրեն նաեւ նշեց, որ Հայաստանն Ուկրաինայից ու Ռուսաստանից հետո էլի 2-րդն է` շարժական հեռախոսակապի ծածկույթի 100 տոկոսանոց ապահովմամբ: Պարոն Տուրեն միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում ինտերնետը դեռ բավականին թանկ է: Գներն իջեցնելու համար, ըստ նրա, հարկավոր է ծառայություններ մատուցող ընկերությունների միջեւ մրցակցության ապահովում:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ինտերնետի առումով ՀՀ-ում արդեն կան լուրջ զարգացումներ, որոնք դեռ բավարար չեն:
Օրինակ` ինտերնետի մեծածախ եւ մանրածախ գները մի քանի անգամ արդեն նվազել են: Ըստ նրա` եթե 5 տարի առաջ 1 մեգաբիթ արագության մեծածախ ինտերնետն արժեր 5 հազար ԱՄՆ դոլար, ապա այն հիմա մոտավորապես 200 ԱՄՆ դոլար է: Մանրածախ շուկայում գներն համեմատաբար քիչ են իջել: Եթե 1 տարի առաջ ինտերնետի մանրածախ շուկայում 1 մեգաբիթ արագությունը վաճառվում էր մոտավորապես 300 հազար դրամ, հիմա այն արժե 200 հազար դրամ:
Բագրատ Ենգիբարյանի կարծիքով` գների այս իջեցումը չպետք է լինի ինքնանպատակ. պետք է զուգահեռ ուշադրություն դարձվի նաեւ որակին:
«Առաջ դրան ուշադրություն չէինք դարձնում, քանի որ կարեւորն էր միայն այն, որպեսզի էլեկտրոնային փոստով ուղարկված մեր նամակն արագ տեղ հասներ: Իսկ հիմա ուզում ենք ինտերնետային ավելի շատ ծառայություններից օգտվել»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ այժմ ոչ թե մենք ենք պահանջում ինտերնետից, այլ ինքն է մեզ հնարավորություններ տալիս:
Սակայն, ըստ նրա` Հայաստանում մարդկանց մեծ մասն այսօր ինտերնետ է գնում, որպեսզի օգտվի սոցիալական կայքերից. «Եթե մարդիկ ինտերնետի լուրջ հնարավորություն ունենային, ապա չէին կարող 24 ժամ այդ կայքերում լինել: Այսինքն` դու ունես ջուր եւ այն խմելու բաժակ, իսկ ախորժակը բացվում է այն օգտագործելուց հետո: Հակառակ դեպքում կլինենք ոչխարի իրավիճակում` չենք մոտենա ջրին ու կսպասենք մինչեւ ծարավից մեռնենք»: