Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարում են Ազնավուրի հրապարակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։ Աստղերի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, պահպանելով ավտանգության բոլոր կանոնները։
«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրան»-ը բացեց այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, տեսել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,-աստղերի բացման արարողությանը նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ առանձնահատուկ կարևորելով երկու գործիչների անցած ուղին և հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։
ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն արարողության ընթացքում ընդգծեց, որ «Ոսկե ծիրան»-ի նման բացումն աննախադեպ է՝ պայմանավորված վիրուսային վիճակով։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին, որովհետև նրանք այս քայլով ապացուցում են, որ ավելի լավ է անել որևէ բան, քան չանել ոչինչ։ Շնորհակալ եմ նրանց կամքի համար, որ թույլ չտվեցին ընդհատվի կարևորագույն մշակութային իրադարձության պատմությունը, ավանդույթը թեկուզ և մեկ տարով»,-ասաց նա՝ իր խոսքում անդրադարձ կատարելով նաև երկու մեծերի՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ավանդին հայ կինոյում։
Արարողությանը ելույթ ունեցան Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին՝ նման նախաձեռնության և գործիչների հիշատակը վառ պահելու համար։
Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն: Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։
«Ոսկե ծիրան»