Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սադրիչ գործողությունները ակնհայտորեն հրահրված են Թուրքիայի կողմից. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները ակնհայտորեն հրահրված են Թուրքիայի կողմից։ Սա Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիր է» ,-կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ փորձ է արվում Հայաստանին և Ադրբեջանին ներքաշել Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում  ռազմական գործողությունների մեջ․

«Թուրքիայի գործողությունները բավական ագրեսիվ են, ուզում է Մերձավոր Արևելքում ծավալած ռազմական գործողությունների մեջ ներքաշել նաև մեզ։ Այս կերպ առաջնահերթ ուզում է փոխել Արցախում տիրող ստատուս քվոն»։

 Ստեփան Գրիգորյանը նշում է, որ իրավիճակին տրվող արձագանքները հիմնականում նեյտրալ և հավասարակշռված են՝ բացառություններով.  «Հայաստանին ի վնաս հայտարարություններով բացի Թուրքիայից հանդես է եկել նաև Բելառուսը։ Ինձ համար զարմանալի է Ռուսաստանի արձագանքը, այն պետք է լիներ ի օգուտ մեզ, քանզի մենք հանդիսանում ենք ռազմավարական գործընկերներ և անընդունելի է, որ Ռուսաստանը մեզ և Ադրբեջանին վերաբերվի նույն կերպ»։

Ադրբեջանի կողմից վերսկսված ռազմական գործողություններին արդեն արձագանքել և խաղաղության կոչով հանդես են եկել մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Մեզ համար կարևորվում է հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՀԱՊԿ-ի արձագանքը։ Վերջինիս կողմից երեկ հրավիրվել է նիստ, բայց այն չի կայացել։

«ՀԱՊԿ-ի հետ պետք չէ հույսեր կապել, նույնիսկ նիստը չեն կայացրել։ Պետք էր գոնե քաղաքական որևէ հայտարարությամբ հանդես գար։ Չնայած պետք է փաստել դրական միտում է, որ մեր դեմ չեն ելույթ ունենում»,-ասաց նա։

 ՀԱՊԿ-ը հայտարարություն արեց ավելի ուշ։