Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք այս դահլիճում պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել․Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծով առաջարկվում  է գրավոր քվեակելու հնարավորություն տալ հիվանդության հիմքով ԱԺ նիստերից բացակա պատգամավորներին։

Հարցի հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ այս փոփոխությունը առաջարկում են կորոնավիրոսային իրավիճակը հաշվի առնելով

«Առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են գտնվում»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ օրենքում արդյո՞ք հստակ է, որ փոփոխությունը կատարվում է կորոնավիրուսային հիվանդության պատճառով և հենց վարակված պատգամավորների քվերակության համար, Հովակիմյանն արձագանքեց, որ արդարացիությունը ապահովելու համար նախատեսել են բոլոր այն դեպքերը, երբ պատգամավորը հիվանդության պատճառով ի վիճակի չէ ներկայանալ նիստերին։

Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ մտահոգություններին, Հովակիմյանն ասում է

«Եթե պետք է պատգամավորները նման գործիքներից օգտվեն ի չարս, մեղմ ասած դա մեր պետության քաղաքական կյանքի ողբերգությունը կարող է դառնալ, և եթե կլինեն նման պատգամավորներ, հանրությունը պետք է տեսնի, և դա շատ լավ ազդակ կլինի հաջորդ ընտրությունների ժամանակ»։

ԱԺ նախագահը այնուամենայնիվ, պնդեց, որ պետք է կենտրոնանալ կորնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա, որովհետև, ըստ նրա, ընդհանրական մոտեցումը հղի է չարաշահումների ռիսկերով։

Նույն կարծիքին էր նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը

«Մենք այս դահլիճում առնվազն մի քանի գումարում պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել, ու որևիցե մեկը դրանից չի էլ ամաչել, հետո այդ նույն մարդիկ ԱԺ նախագահ և փոխնախագահ են դարձել, և պետք չէ պատկերացնել, որ ԱԺ դահլիճում լինելու են միայն օրինակելի պատգամավորներ»։

Սիմոնյանն առաջարկեց օրենքը կիրառել միայն համաճարակի պարագայում և հույս չդնել բարձր չափանիշների վրա։

ԼՀԿ քարտուղար Գևորգ Գորգիսյանը Հովակիմյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է ձևավորվի պատգամավորի կարծիքը, եթե նա նույնիսկ հանձնաժողովի քննարկումներին չի մասնակցել

«Ինչպե՞ս կարող է պատգամավորը, չմասնակցելով քննարկումներին, ձևավորել կարծիք»։

Հովակիմյանն էլ վստահություն հայտնեց, որ մինչև քննարկումները ևս պատագամավորը կարող է կարծիք ունենալ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց՝ վերջնական տարբերակում նախատեսել են, որ գրավոր քվեարկության կարող են մասնակցել միայն այն պատգամավորները, ովքեր կորոնավիրուսով պայմանավորված  մեկուսացման ցուցում ունեն։