«Գաֆեսճյանները չեն հեռանում»
Աջակցիր «Ա1+»-ին«Գաֆեսճյանները չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից»,- «Ա1+»-ին վստահեցրեց «Գաֆեսճյան Ընտանիք Հիմնադրամ»-ի արտասահմանյան խորհրդի անդամ, իրավաբան Սթիվ Սքալենը` չնայած մի քանի օր առաջ նրանք վաճառել են «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Ամերիա Բանկ»-ին:
Սթիվ Սքալենը վստահեցնում է, թե բաժնետոմսերը վաճառելու պատճառը հայաստանյան բիզնես միջավայրի ոչ բարենպաստ պայմանները չեն: «Ոչ, մեր բանկը բավականին հաջողակ էր գործում: Սա պարզապես լավ բանկային քաղաքականություն է, երբ մի հաջողությունը գումարվում է մեկ այլ հաջողության և դառնում ավելի մի մեծ հաջողություն»,-ասաց նա` վստահեցնելով, թե առաջիկայում Գաֆեսճյան ընտանիքը առավել մեծ ներդրումներ կանի Հայաստանում:
ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւս բացառում է, թե բաժնետոմսերի ամբողջ փաթեթից հրաժարվելու պատճառը կարող է լինել բիզնես միջավայրը:
«Ոչ, եթե բիզնես միջավայրը լիներ պատճառը, Գաֆեսճյանն ուղղակի իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կկանգնեցներ: Նրանց ներկայացուցիչը նշեց, որ խոսքը գնում է միայն բանկային գործունեության մասին: Հնարավոր է , որ պրն Գաֆեսճյանը մասնակցություն ունենա նորաստեղծ բանկում, եթե նրանք գնան միաձուլման, և այս պահին ամեն ինչ գնում է դրան: Բացի դրանից` նրանց հոլդինգը բավականին լուրջ գործունեություն է ծավալում նաև այլ ոլորտներում, այդ թվում` ապահովագրական, ներդրումային, խորհրդատվական, էներգետիկ, մեդիա»,-«Ա1+»-ին ասաց ԿԲ նախագահը:
Ի դեպ, պարոն Ջավադյանը տեղեկացրեց, որ ԿԲ-ն քաջալերում է բանկերի խոշորացման գործընթացը` հատուկ վարկային գիծ սահմանելով դրանց միաձուլումների համար: Այդ գումարը կկազմի միաձուլված բանկերի կապիտալի մինչեւ 30%-ը : Այն կտրամադրվի մինչև երեք տարի տևողությամբ:
Հիշեցնենք նաև, որ «Ամերիա» և «Կասկադ» բանկերի համախմբված կապիտալը կազմում է 30 մլրդ դրամ: