Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Քաղաքականություն

Վեթինգը մեր դատավորների գլխավերևում կախված «Դամոկլյան սուր» է․ Սեյրան Օհանյանի պաշտպան

«Ես գտնում եմ, որ այս գործի քննությունը պետք է կասեցվի մինչև վեթինգի ավարտը»։ Այս մասին Մարտի 1-ի գործով դատաքննության ընթացքում հայտարարեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ չբացառելով, որ նույնաբնույթ միջնորդություն կներկայացնի դատարանին։

«Քանի դեռ դատավորները վեթինգի չեն ենթարկվել, և գործընթացը չի ավարտվել, այդ վեթինգը մեր դատավորների գլխավերևում կախված «Դամոկլյան սուր» է, որովհետև որևէ դատավոր, որ իրեն թույլ կտա պաշտպանական կողմի միջնորդությունները բավարարել, որոշակի օբյեկտիվ, բազմակողմանի որոշում կայացնել, կընկնի վեթինգի բացասական հետևանքների տակ»։

Մեժլումյանը ակնարկեց, որ քանի դեռ վեթինգը չի ավարտվել, իրենց ցանկացած միջնորդության  վերաբերյալ դատարանը ասելու է՝ սա այդ փուլը չէ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն  էլ հայտարարեց՝ դատարանն իր գործողություններով նպաստում է, որպեսզի այս գործով լրիվ, ամբողջական քննություն չկատարվի, քանի որ իրենց միջնորդության մեջ ներկայաված անձանց որոշ ժամանակ անց հնարավոր չի լինի դատարան հրավիրել։

Նշենք, որ այսօր դատարանը քննում էր պաշտպանական կողմի ներկայացրած մի քանի միջնորդություն, որոնց առնչությամբ եզրակացրեց, որ պետք է այս պահին քննության առարկա չդառնան, քանի որ գործի քննության համապատասխան փուլին չեն հասել։

Նշենք, որ պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Սամվել Մայրապետյանին, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

Միքայել Հարությունյանին, ով ստորագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող թիվ 0038 հրամանը։

Իր հերթին Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր որպես վկա հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 3001 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։