Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Թունավոր աթոռների վրա նստած անձինք ևս թունավոր են․Սիրանուշ Սահակյանը՝ ՍԴ նոր դատավորների ընտրության մասին

Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուի, Սահմանադրական դատարանում առկա իրավիճակի և Սահմանադրական փոփոխությունների մասին «Ա1+»-ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, ՄԻԵԴ-ում  Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ։

-Այսօր Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Թեկնածուին ճանաչում եմ, բայց զերծ եմ մնում նրա որակները քննարկման առարկա դարձնելուց։ Բոլոր այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, կապված են ընթացակարգային արդարացիության հետ, և երկրորդ՝ պետք են մեխանիզմեր, որոնք կապահովեն արժանավորների՝ ճիշտ տեղերում հայտնվելուն, ուստի ասեմ, որ դրական եմ գնահատում առաջադրված թեկնածուի անձը, սակայն սա չի նշանակում, որ գործընթացի հետ կապված մտահոգություններ չկան, և իրավական հարթության մեջ դա չեմ բարձրաձայնելու։

-Ի՞նչ մտահոգությունների մասին եք ակնարկում։

-Այս բոլոր գործընթացները ունեն նախասկիզբ՝ Սահմանադրական փոփոխությունները, որոնք ո՛չ ներպետական մարմինների, ո՛չ դրսի կառույցների հավանությանը չեն արժանացել։ Այս գործընթացում շրջանցվել է ոչ միայն Սահմանդրությունը, Սահմանադրական դատարանը, այլ նաև Վենետիկի հանձնաժողովը, որը մասնագիտացված կառույց է։ Ակնհայտ կոպիտ ընթացակարգային խախտումներով փաստաթղթերը, անկախ իրենց բովանդակությունից, չունեն անհրաժեշտ վավերականություն և իրավական համակարգերում մշտապես խնդրահարույց են լինելու։ Նման իրավական ակտերի գլխին կախված է իրավական առոչնչությունը, որը չափազանց կարևոր ինստիտուտ է և ապահովում է երկրի իրավական անվտանգությունը։ Առաջին մտահոգությունս այն է, որ մենք գործ ունենք առոչինչ փաստաթղթի հետ։ Երկրորդը՝ այս թափուր պաշտոնները ի հայտ են եկել խախտումների արդյունքում, եթե խախտումներ չլինեին, այս պահին մենք չէինք ունենա դատավորի թափուր պաշտոններ։ Նմանատիպ իրավական խնդիրներ բարձրաձայնվել  են միջազգային դատական ատյանների առջև, և դատական ատյանները հաստատել են, որ թունավոր աթոռների վրա նստած անձինք ևս թունավոր են՝ անկախ վերջիններիս անձնային և մասնագիտական որակներից։ Նոր դատավորների լեգիտիմությունը խնդրահարույց է, ուստի հետագայում և՛ քաղաքացիները և՛ պետությունները, որոնք հիմնվելու են Սահմանադրական դատարանի որոշումների և եզրակացությունների վրա, մշտապես վիճարկելու և շահարկելու են այս հարցը։ Ցավալին այն է, որ  սա կարող է ունենալ ոչ միայն ներպետական, այլ նաև միջպետական դրսևորում։

Կա նաև հարցի երրորդ կողմ՝ որքանո՞վ են նոր նշանակված դատավորները լինելու պաշտպանված։ Իրավունքում գոյություն ունի ակտին վստահելու իրավունք։ Եթե մեր օգտին կայացվում են ակտեր, դրանց պետք է վստահենք, և հետագայում այդ ակտերի փոփոխման պարագայում չպետք է բացասական հետևանքներ լինեն մեզ համար, բայց օրենքը բացառություններ է կատարում, այն է՝ մենք չենք կարող հենվել այնպիսի իրավական ակտերի վրա և վստահել այդ ակտերի գոյությանը, եթե դրանց ընդունմանը հասել ենք կաշառքի, սպառնալիքների և այլ ապօրինի գործողությունների արդյունքում, իսկ  այդ ակտը ընդունելու ժամանակ իմացել ենք այդ ակտի ոչ իրավաչափ, առոչինչ լինելը։ Այս պարագայում կան տարբեր մակարդակի իրավական փաստաթղթեր, թե ինչպես պետք է մեկնաբանել Սահմանադրական դատարանի լիազորություննեը, և վերջիվերջո միջազգային գործընկերների միանշանակ  տեսակետ Սահմանադրական վերահսկողության  վերաբերյալ, կարծում եմ՝ ապագա դատավորները գիտեն և պարտավոր են իմանալ, որ օրենքի խախտմամբ ձևավորված պաշտոնի են հավակնում, և եթե հետագայում գործող դատավորները հասնեն իրենց խախտված իրավունքների ճանաչմանը, վերականգնվելու են, և այդ դեպքում նոր դատավորնեը պաշտպանության ենթակա շահեր չեն ունենալու։

-ՍԴ-ում այսօ՞ր է ճգնաժամային իրավիճակ, թե՞ Սահմանադրական փոփոխություններից առաջ էր։ Հակադիր բևեռներից հակասական պնդումներ են հնչում։ Արդարադատության նախարարը երեկ հայտարարեց, որ ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է երկու դատավորի արձակուրդ գնալու պատճառով։

-Ես անլուրջ եմ գնահատում այն մոտեցումը, որ որևէ պաշտոնյայի կողմից օրենսդրությամբ երաշխավորված իրավունքի իրականացումը, օրինակ՝ արձակուրդ գնալը, կարող է մեկնաբանվել որպես ճգնաժամի տանող քայլ, կամ ի վնաս իրավատիրոջ մեկնաբանվել, առնվազն անթույլատրելի է նման հայտարարությունները Արդարադատության նախարարի կողմից։ 

Մենք ունեցել ենք գործունակ Սահմանադրական դատարան, որը մինչև վերջին Սահմանադրական փոփոխությունները ունակ է եղել կայացնել որոշումներ, և այդ որոշումների վրա հենվել է այդ թվում՝ Կառավարությունը, Ազգային ժողովը, միջազգային կառույցները, ուստի եթե մենք ունեցել ենք լեգիտիմ որոշումներ կայացրած և դրանց ապավինած համակարգ, ես չեմ կարող հետևություններ կատարել, որ Սահմանադրական դատարանը եղել է ճգնաժամի մեջ։ 

Այսօր ունենք արդեն իսկ քվորման բացակայություն, որը ցույց է տալիս, որ այս կառույցի կողմից որոշումների կայացումը վտանգված է։ Ես ինքս ունեմ վստահորդներ, ովքեր տարաբնույթ հարցերով՝ օրենքների սահմանադրականության հետ կապված, դիմել են ՍԴ-ին,  և արդեն իսկ գործերը հետաձգվում են, որովհետև Սահմանադրական դատարանը չի կարողանում որոշումներ կայացնել, ինչը նշանակոմ է, որ սահմանադրական օղակը մեր երկրում դառնում է անարդյունավետ։ Մենք ապավինում ենք ընդամենը միջազգային կառույցներում իրավունքների վերականգնմանը։ ՍԴ կազմի լեգիտիմությունն է վտանգված, և սա ոչ թե մեկ-երկու տարվա խնդիր է, այլ երկարաժամկետ՝ իր բացասական հետևանքներն է թողնելու մեր հասարակության վրա։ Պատկերացնենք մարդիկ, ովքեր մեկ տարի հետո կստանան հօգուտ իրենց ՍԴ-ի որոշում, դրա հիման վրա կվերաբացեն այլ վարույթներ, բայց  4 տարի հետ շատ հիմնավոր իրավական ընթացակարգերով վերջիններիս իրավունքներից կզրկեն, սա շատ վտանգավոր է։

-Դուք նաև ՄԻԵԴ-ում  Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչն եք։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Այո, վերջիններիս շահերը ես եմ ներկայացնում ՄԻԵԴ-ում, կա գործընթաց, անկախ այդ գործընթացի ժամկետից, ռեսուրսային ծախսատարությունից՝ մենք համբերությամբ բոլոր իրավական գործընթացներին հետևելու ենք և հետևողական ենք լինելու, որպեսզի տեղի ունենա իրավունքների վերականգնում։