Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ մրցունակ ոլորտը

Տնտեսություն

«2009 թվականը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար բեկումնային էր Գրեթե բոլոր ուղղություններով 2009 թվականին մենք ունեցանք աննախադեպ աճ` 17 տոկոսի չափով»,- այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 10-րդ համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա գրանցվել է ոչ միայն ծավալային, այլեւ ձեռնարկությունների քանակի աճ, որոնք աշխատում են ՏՏ ոլորտում, իսկ սա նշանակում է, որ համատեղ ծրագրերն արդեն իսկ տալիս են դրական արդյունք:
Վարչապետը Տիգրան Սարգսյանի կարծիքով` ինտերնետը դառնում է ավելի հասանելի մեր քաղաքացիներ համար. «Այդ տեսակետից կառավարության կողմից ձեռնարկված ծրագրերը, որոնք ներառված են մեր մշակած հայեցակարգում, տալիս են իրենց դրական արդյունքները, եւ կարեւոր է, ուր մենք ունենք նաեւ միջազգային ֆինանսական կառույցների օժանդակությունը եւ աջակցությունը»:

Ի դեպ, 2009 թվականին ԻՏՁՄ-ն պետական բյուջեից ստացել է 30 մլն դրամ աջակցություն:

ԻՏՁՄ-ի 10-րդ համագումարին մասնակցում էր նաեւ «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ռիչ Գոլդմանը, որն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հավանաբար միակ մրցունակ ոլորտն է Հայաստանում, որ կարող է Հայաստանը դարձնել առաջինը: Ամենակարեւորը, որ ՏՏ ոլորտը պահանջում է շատ խելացի մարդկանց առկայությունը, ինչի պակաս Հայաստանը չունի: Բացի դրանից ՏՏ-ն այն ոլորտն է, որի միջոցով ՀՀ-ն կարող է համագործակցել ամբողջ աշխարհի հետ` ինտերնետի միջոցով: Ֆիզիկական եւ աշխարհագրական սահմանափակումները ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել ոլորտի զարգացմանը»:

Նույնիսկ Թուրքիայի հետ փակ սահմա՞նը` մեր հարցին` Ռիչ Գոլդմանն ասաց. «Իհարկե, սահմանի բացումով մենք կարող ենք ավելի լավացնել ինտերնետի որակը, բայց փակ սահմանի դեպքում էլ ՏՏ-ի զարգացմանը ոչինչ չի խանգարում»: