Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր շուրջ երեք ժամ տևած փակ հանդիպում անցկացրին ՍԴ դատավորի Կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանը որոշակիորեն բացեց հանդիպման փակագծերը․
«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել իմ մոտեցումները՝ բարձրացված հարցերի շուրջ, որոնք պատգամավորներին թույլ կտան մոտեցում ձևավորել»,- ասաց Ավետիսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե իր հայրը ժամանակին եղել է դատավոր, հատկապես «Մարտի 1»-ի գործով և «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ու նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը․
«Ես չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցած դատական համակարգում առկա խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»»։
Ինչ վերաբերում է հոր՝ Դավիթ Ավետիսյանի վերաբերյալ հնչող հարցադրումներին, թեկնածուն ասաց․
«Անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը՝ արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարան է, թե՞ ոչ, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»։
ՍԴ դատավորի թեկնածուն նշեց՝ հասկանում է մտահոգությունները, բայց չի կիսում դրանք․
«Ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են և առնչություն են ունեցել գործերին։ Իմ հայրն արդեն 5 տարի թոշակի է գնացել և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը Սահմանադրական դատարանում՝ իմ գործունեության վրա»։
Ինչ վերաբերում է շահերի բախման վերաբերյալ մտահոգություններին, Ավետիսյանն ասում է՝ եթե որևէ գործ քննելիս շահերի բախում է առաջանում, ապա ՍԴ դատավորը չի մասնակցում դրան։
Հարցին, թե հաշվի առնելով «Մարտի 1»-ի տուժածների իրավահաջորդների տրամադրվածությունը, իր հոր հասցեին հնչող քննադատությունները և հանրային տրամադրությունները, հնարավո՞ր է հրաժարվի ԱԺ գնալուց, Ավետիսյանն արձագանքեց՝ այս պահին հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում, միևնույն ժամանակ նշեց՝ կյանքում ոչինչ չի կարելի բացառել։
Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ թեկնածուն ասաց, թե դրանք մեր նորանկախ պետության` «արյունը հոսող վերքերի» շարքին են դասվում․
«Որպես ՀՀ քաղաքացի ունեմ իմ մոտեցումը Մարտի 1-ի դեպքերի մասին, խմբակցությունում առավել մանրամասն չակերտները բացել եմ, սակայն չեմ կարող հրապարակային հայտնել դրանք, քանի որ հետագայում կարող եմ մասնակցել դրանց վերաբերյալ գործերի քննությանը»,–ասաց Ավետիսյանը։
«Ա1+»-ի հարցադրմանն ի պատասխան Ավետիսյանը խոստովանեց` իր առաջադրումից հետո «Մարտի 1»-ի գործի, իր և իր հոր կապված նման արձագանք չէր սպասում, և առաջին երեք օրը շոկի մեջ է եղել։
ԱԺ-ում ընդունված Սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ ևս դիրքորոշում չարտահայտեց՝ պատճառաբանելով, որ հնարավոր է, որ որպես ՍԴ դատավոր հետագայում առնչվի այդ հարցին։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրեց ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: