Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանությունը բերման ենթարկեց ԱԺ-ի դիմաց ակցիա անողներին (տեսանյութ)

Ազգային ժողովի դիմաց այսօր Ամուլսարի պաշտպանության համար գործնագործ խաղալու ակցիան ավարտվեց ոստիկանության միջամտությամբ։

ԱԺ դարպասները փակ էին, ակտիվիստները խաղը կազմակերպեցին ԱԺ դարպասներից դուրս։ Ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկվեցին մի խումբ ակտիվիստների։ Ակցիայի մասնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչներին՝ հանուն Ամուլսարի մղվող իրենց պայքարի հարցում։

Ակտիվիստները Ամուլսարի պաշտպանության վերաբերյալ մի շարք կոչեր հնչեցրին, ոստիկաններն ակցիայի մասնակիցներին երկու րոպե ժամանակ տվեցին՝ ԱԺ բակից հեռանալու համար.

«Եթե չհեռացաք, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, բերման կենթարկվեք ոստիկանություն։ Նշված պաստառներն արդեն որպես հավաք է դիտվում։ Գործնագործ եք խաղում, խաղացեք, բայց պրոցեսը դիտվում է որպես հավաք։ Պաստառները վերացրեք»,-ասաց ոստիկանը։

Պաստառով ակցիայի մասնակիցը պնդեց, որ երկակի ստանդարտներ են կիրառվում.

«Հինգ օր առաջ մենակ պիկետ եմ արել, ոչ մի ոստիկանություն ինձ չի խանգարել։ Խնդրում եմ՝ բոլոր խաղացողները վերև բարձրանան, ես մենակ եմ այստեղ»,-նշեց ակցիայի մասնակիցը։

Այնուհետև ակցիայի մասնակիցները շարունակեցին խաղը, որը ուղեկցվում էր կոչերով, ոստիկանությունը նախազգուշացումից հետո արդեն գործի անցավ և բերման ենթարկեց ակտիվիստների մեծ մասին։

Այս պահին ԱԺ տարածքում կան մի քանի ակտիվիստներ, ոստիկանությունն իր հերթին շարունակում է հսկողությունը։