Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Հայկական վիշապաքարերը վերածնվում են (տեսանյութ)

Խաչքարերի նախատիպ հանդիսացող հայկական վիշապաքարերը քարի և մարդու սերտ կապի առաջին վկաներն են։

Հայաստանում շուրջ 100 վիշապաքարեր կան, որոնցից 18-ը տեղաշարժվել և անխնամ են մնացել։ ԿԳՄՍ-ն և «Հնագիտության և ազգագրության» ինստիտուտը նախաձեռնել են հայկական վիշապաքարերի վերածնության նախագիծ, որի շրջանակներում վիշապաքարերից հինգն արդեն վերադարձվել են իրենց նախնական դիրքին, որոնցից մեկը տեղադրվել է Երևանի Օղակաձև այգու տարածքում։

Հնագետ Արսեն Բոբոխյանը փաստում է՝ վիշապաքարերը ոչ միայն մեր, այլև համաշխարհային մշակույթի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում․ «Դրանք շատ նման են խաչքարերին, բացառիկ հուշարձան են համաշխարհային ժառանգության տեսանկյունից։ Կառուցվել են Ք․ա 2-ից 3 հազարամյակ առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են 1909 թվականին՝ Գեղամա լեռներում»։

Հնագետի ներկայացմամբ՝ քարերն ունեցել են պաշտամունքային նշանակություն, դրանց մեջ առանձնակի է մարդկային միջամտությունը․

«Խորհրդանշական է, որ պաշտամունքային ծիսակատարությունները կատարել են հենց այս օրերին՝ Նավասարդին։ Քարերը տարածված են Վանի, Սևանի և Ուրմիայի ավազաններում։ Դրանք կարծես ընդգծում են լեռնաշխարհի սահմանները»։

Վիշապաքարերի վերականգնման աշխատանքները իրականացվել են ԿԳՄՍՆ և ամերիկյան բարերարների համագործակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատրյանի խոսքով՝ վերականգնվել է իրականությունը, որը կար հազարամյակներ առաջ․ «Մեր խնդիրն էր քարերի ճիշտ դիրքով տեղադրելը, չորսը Արագածոտնի մարզում են, մեկը արդեն Օղակաձև այգում, որպես վառ օրինակ։ Վիշապաքարերը բացառիկ նշանակություն ունեն մշակութային ժառանգության մեջ»։

Հնագետ Արտավազդ Զաքյանն էլ հավաստիացնում է՝ QR կոդի միջոցով ներկայացվելու է վիշապաքարերի մասին տեղեկություններ։

«Վերադարձրել ենք այնպիսի տեսքին, ինչպիսին եղել են 3000 տարի առաջ։ Հուշարձանները ապրում են և սխալ դիրքն ու հասարակաության սխալ վերաբերմունքը, որպես նստարան օգտագործելը, ազդում են նրանց վրա։ Փաստենք, որ այսպես հուշարձանները կվերագտնեն իրենց»։