Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկման բազան վերանայելու են

Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը մտել է վերականգնման փուլ, քանի որ առաջին եռամսյակում գրանցվել է 5.5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ:

Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն. «Ունենալով 5.5 տոկոս ընդհանուր աճ, այնուամենայնիվ, շինարարության ոլորտում դեռեւս ունենք անկում»,- նշել է նա։
«Մի կողմից դա վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, եւ կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռեւս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն գնում»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում

Ըստ վարչապետի` հաճախ թյուրըմբռնում կա, թե կառավարությունը շինարարության ոլորտում ֆինանսավորում է իրականացրել. «Այդպիսի բան չի եղել, մենք մեր կանխիկ հոսքերը շինարարության ոլորտ չենք ուղղել, այլ հորդորել եւ խթանել ենք, որպեսզի առեւտրային բանկերը ֆինանսավորեն անավարտ շինարարությունները։ Ընդ որում, այնպիսի անավարտ շինարարություններ, որոնց պատրաստվածության աստիճանը 50 տոկոսից ավելի է եւ գրավադրված առարկաների եւ գույքի շուկայական արժեքը չափազանց բարձր է»։

Ըստ նրա` 2008 թ. շինարարության ծավալների 75 տոկոսը ֆինանսավորվել է մասնավոր հատվածի հաշվին։ Այսօր նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա դեռեւս մասնավոր ներդրումներ չեն արվում։

Վարչապետը նաեւ հայտնել է, որ շինանյութերի արտահանումն առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ եռապատկվել է, դրական ցուցանիշներ են գրանցվել նաեւ այլ ոլորտներում:

«2010 թվականի առաջին եռամսյակի մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունը ստիպում է մեզ վերանայել հարկման բազան եւ նրա գնահատականները»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

«Ես հանձնարարական եմ տվել Ֆինանսների նախարարությանը, որպեսզի այս շաբաթվա ընթացքում ներկայացվի հարկային բազայի նոր հաշվարկներ` ելնելով նոր իրողություններից եւ հաշվի առնելով կառուցվածքային փոփոխությունները, 2009, 2008 թվականների վերլուծությունները, թե ինչպիսին պետք է լինի 2010 թվականի հարկային բազան, որովհետեւ ՀՆԱ-ի աճի այս բարձր տեմպը վատացնում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։

Մենք 2010 թվականի համար ծրագրավորել ենք, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է ավելանա 0.4 տոկոսով։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3.5 անգամ ավելին է համախառն ներքին արդյունքի աճը, քան մենք պլանավորել էինք տարվա կտրվածքով, բնականաբար, հարկեր-ՀՆԱ ցուցանիշն առաջին եռամսյակում վատացել է նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած։ Դա նշանակում է, որ հարկման բազան մենք պետք է ճշգրտենք 2010 թվականի համար»,- նշել է նա։

Վարչապետը նաեւ հավելել է, թե «մեր բոլոր պրոբլեմներով, մեր բոլոր բացթողումներով, թերություններով հանդերձ այս երկու տարիների ընթացքում բիզնես միջավայրը բարելավվել է, եւ դա տնտեսական աճի կարեւորագույն խթան է»։

«Մեր խնդիրն է մակրոտնտեսական կառավարումից այսուհետեւ իջնել միկրոմակարդակ եւ իրականացնել կոնկրետ նախագծեր, որոնք աշխատատեղեր են ստեղծում»,-ասել է վարչապետը: