Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վեդիի ավագ դպրոցի ճանապարհն այս տարի էլ չեն ասֆալտապատի (տեսանյութ)

Վեդի քաղաքի ավագ դպրոց տանող ճանապարհի բարեկարգումը տարիներ շարունակ մնում է քաղաքի առաջնային խնդիրներից մեկը։

Աշնանն ու գարնանը անձրևի հետեւանքով առաջացած ջրափոսերը դժվարանցանելի են դարձնում բնակիչների և  մեքենաների բնականոն երթևեկությունը:

 «Նման խնդիր ունենք և դա ոչ միայն ավագ դպրոց տանող ճանապարհն է, այլ նաև քաղաքը շրջանցող ճանապարհն է»,-  «Ա1+»-ին ասում է Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը։

Դեռեւս 2017 թվականին համայնքապետարանը նախագիծ - նախահաշիվ է կազմել, ըստ որի  բարեկարգման համար անհրաժեշտ է մոտ 200 մլն դրամ։

Վարուժան Բարսեղյանի խոսքով՝ համայնքի միջոցների հաշվին հնարավոր չէ լուծել խնդիրը.

 «Այն մեծ ծրագիր է և ներառված է նաև քաղաքի  2016-2021 թվականների հնգամյա ծրագրում։ Մենք բազմիցս դիմել ենք կառավարությանը, որպեսզի այս խնդիրը իր լուծումը գտնի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Հնարավոր է, որ հաջորդ տարվա  ճանապարհաշինության  ծրագրերում ընդգրկվի նաև այս խնդիրը։

Այսինքն՝ այս տարի եւս դպրոց տանող ճանապարհը աշնանը կդառնա նույնքան անանցանելի, ինչպես նախորդ տարիներին։