Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ուղիղ եթեր են մտնում կամ կայքերով հրապարակում են հերյուրանքներ, վերջում ստացվում է՝ դա խոսքի ազատության դրսևորում է». փաստաբան (տեսանյութ)

Տարբեր ատյաններում տևական ժամանակ քննվում է Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի դատական գործը՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին:

Վճռաբեկ դատարանը Ժ. Սեֆիլյանի բողոքի հիման վրա բեկանել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանի էրեբունու նստավայրում այսօր նշանակված էր դատաքննության նախնական նիստը, որը, սակայն, հետաձգվեց։

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցրեց՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ չպետք է կարծիք արտահայտելու ազատության ներքո անձի արժանապատվությունը ոտնահարվի․

«Զրպարտության մասով Վճռաբեկ դատարանը լրագրողի վրա պարտավորություն էր դրել, որ լրագրողը ցանկացած տեղեկատվություն հրապարակելու դեպքում պարտավոր է գործուն քայլեր իրականացնել, որպեսզի ճշտի հրապարակվող տեղեկատվության ճշմարտացիությունը»։

Փաստաբանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը գործին վերջնական լուծում չէր տվել, որովհետև հնարավոր էր համարել, որ լրագրողները կարող էին այնպիսի նոր փաստեր ներկայացնել, որ դատարանը եզրահանգեր, որ լրատվամիջոցը գործել է բարեխղճորեն և քողարկված նպատակ չի ունեցել․

«Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է Առաջին ատյանի դատարան, Առաջին ատյանի դատարանը, բնականաբար, ապացուցման բեռ էր բաշխել՝ մենք պետք է ապացուցեինք օրեքով սահմանված հանգամանքները, որ հրապարակային է եղել, տեղեկատվությունը արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունը, իսկ լրատվամիջոցի վրա դրել այն հանգամանքը, որ լրատվամիջոցը գործուն միջոցներ ձեռնարկի և ճշտի տեղեկատվությոնը իրականությանը համապատասխանում է, թե ոչ, փորձե՞լ է լսել պարոն Սեֆիլյանին, թե՞ ոչ»։

Հայրապետյանը համոզված է՝  Վճռաբեկ դատարանը որոշում կայացրել է ճիշտ ժամանակին․

«Հասարակությունը դարձել է անհանդուրժող, քաղաքականացված, որովհետև շատերը իրենց համարում են լրատվամիջոց, օգտվում խոսքի ազատության իրավունքից,  ուղիղ եթեր են մտնում կամ ինտերնետային կայքերով հրապարակում են հերյուրանքներ, վերջում ստացվում է, որ դա խոսքի ազատության դրսևորում է»։

Հայրապետյանի խոսքով՝ շատ այսպիսի դատական գործեր են լինելու, մինչև դաշտը կարգավորվի․

«Եթե մեկը մյուսին փողոցում հայհոյում է, սա իրավապահ մարմինները որակում են խուլիգանություն, ընդ որում՝ դա կարող է մի քանի հոգու անդորր խանգարել, բայց համացանցային տիրույթում հայհոյանքներ են գրվում, մի քանի միլիոն դիտումներ են լինում, որը տիպիկ խուլիգանության դրսևորում է, բայց մեր իրավապահ մարմինները վախենում են դրան քրեաիրավական գնահատական տալ՝ վախենալով, որ կարող է ինչ-որ մեկն ասի՝ խոսքի ազատության սահմանափակում է, որովհետև անդեմ իրավապահ համակարգ և Դատախազություն ունենք»։

Փաստաբանը պնդում է՝ երբ խոսքի ազատությունը հասնում է նրան, որ վիրավորում է մարդու արժանապատվությունը, սա արդեն պետք է կասեցվի։

Հայրապետյանը կարծում է՝ օրենսդրական բաց կա այն առումով, որ մեկը մեկին վիրավորում է, իսկ դատարանը հինգ տարի հետո միայն կարող է որոշել, որ դա եղել է վիրավորանք։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի դատական գործը վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի հատվածում Արցախյան ազատամարտի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված դրվագներին։