Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորեկներ գերիշխողների ցուցակում

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել մի շարք շուկաներում:

Շուկայի 2009 թ. տվյալների ուսումնասիրության համաձայն` Հայաստան շաքարավազ է ներկրվել 64 822,43 տոննա ընդհանուր ծավալով: 2009 թվականի ընթացքում իրացվել է 71 624 821 կգ շաքարավազ:

Իրացման ամենամեծ ծավալն ունեցել է «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որի բաժինն ընդհանուր իրացման ծավալում կազմել է 99,99 տոկոս:

Համաձայն օրենքի, «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Հանձնաժողովի նախորդ` 2006 թ. ուսումանսիրությամբ «Սալեքս Գրուփ» ընկերությունն էր շուկայի գերիշխողը, որը հանվել է գրանցամատյանից:

«Սիթի Պետրոլ Գրուպ»-ին էլ գրանցեցին

Շուկայի ուսումնասիրությունն իրականացվել է 2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա: Շուկայում գործող 5 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, 2009 թ. երկրորդ կիսամյակում իրացվել 135 357 635 լիտր բենզին:

Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող առաջին երեք տնտեսվարողներն են` «Ֆլեշը»`42,62 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը» ` 41,76 տոկոս, «Միկա Քորփորեյշնը»` 9,5 տոկոս իրացման ծավալներով:

Հանձնաժողովի որոշմամբ, «Ֆլեշը» մասնաբաժնի համապատասխան փոփոխությամբ շարունակում է մնալ գերիշխողների գրանցմատյանում, այնտեղ գրանցվել է նաև «Սիթի Պետրոլ Գրուպը»

Ոչ միայն «Ֆլեշը»

Հանձնաժողովի 2006 թ. որոշմամբ «Ֆլեշ» ընկերությունը դիզելային վառելիքի շուկայում 38,8 տոկոս բաժնով համարվել է գերիշխող դիրք ունեցող: Հետագայում տեղի է ունեցել շուկայում զբաղեցրած մասնաբաժնի փոփոխություն` 51,4 տոկոս, գերիշխող դիրքը պահպանվել է:

2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործել է 7 տնտեսվարող սուբյեկտ: Դիզվառելիքի իրացման ծավալը կազմել է 81 833 629 լիտր: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք զբաղեցնում են շուկայի մեկ երրորդից ավելին, համապատասխան մասնաբաժիններով գրանցվել են գերիշխողների գրանցամատյանում. «Ֆլեշը» ` 47,3 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը»` 40,8 տոկոս ծավալով:

Որոշումներն անվավեր են ճանաչվել

Հանձնաժողովն այսօր անվավեր է ճանաչել դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված յոթ ընկերությունների նկատմամբ տուգանքի որոշումը (93-Ա):

Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դատարան ներկայացված հայցադիմումներում նշվել են որոշ հանգամանքներ, այդ թվում` ապացույցների վերաբերյալ, որոնք հիմք են Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու համար:

Տեղեկատվությունը տրամադրել է Հանփնաժողովի մամլո ծառայությունը: