Ո՞ւմ «սեփականությունն» է երեխան. Խաշթառակի սարսափելի դեպքի դասերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում քննարկում ենք բռնության դեպքերն այն ժամանակ, երբ արդեն դժբախտ դեպքը տեղի է ունեցել։ Ասում են «Մեդիա կենտրոնի» քննարկման մասնակիցները։ Իսկ հերթական դեպքը Խաշթառակ համայնքում դաժան ծեծի հետեւանքով 6-ամյա տղայի մահն էր։ Տղան Տավուշից Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով. ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Ծեծի էին ենթարկվել նաեւ այդ ընտանիքում մեծացող մյուս երեխաները։
«Փոքր համայնքներում ղեկավարները գրեթե անգիր տեղյակ են ովքեր կարող են խնդիրներ ունենալ։ Առաջինը համայնքն է առնչվում, հետո նոր մյուս օղակները՝ մարզպետարանը, սոցիալական հարցերի նախարարությունը։ Բայց մենք չենք էլ փորձում որևէ գերատեսչության թերացում գտնել, սա ընդհանուր համակարգային խնդիր է և բոլորիս խնդիրն է»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։
Համայնքում Խնամակալության և հոգաբարձուների մարմինը (ԽՀՄ) այն եզակի մարմինն է, որ իրավունք ունի ընտանիքից դուրս բերել երեխային, եթե լինի կյանքին վտանգ սպառնող իրավիճակ, յոթ օրվա ընթացքում դիմել դատարան և զրկել ծնողական իրավունքից։
Անահիտ Քալանթարյանը կարծում է, որ ԽՀՄ-ի դերի բարձրացումը և հզորացումն է կարևորագույն գործընթաց և դա կնպաստի, որ ներգործություն ունենան ընտանիքներում նման դեպքերի ժամանակ և կանխեն դեպքերը։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է՝ մեր հասարակության մեջ առկա է ընկալումը, որ երեխան ծնողի սեփականությունն է կամ եթե ընտանիքի սեփականությունը չէ, ապա հասարակության որևէ շերտի սեփականությունն է։ Մինչդեռ երեխան ինքնուրույն իր իրավունքների կրողն է։
«Շատ կարևոր է տեղեկատվական կանխարգելող արշավներ իրականացնենք, որ հասարակությունը ընդունի այն առանցքը, որ երեխան քաղաքացի է, որի հովանավորը ՀՀ-ն է և բոլոր իրավունքները պիտի պաշտպանված լինեն»,-ասում է նա։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը չի բացառում, որ երեխաներին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող կինն էլ ծեծվել է իր հոր կողմից, ուստի բնական է համարել ծեծը. «Գուցե նա էլ նախկին բռնության զոհ է եղել, ծեծն ընկալել է որպես դաստիարակման ընդունելի կամ միակ մեթոդ և իրականացրել է նույն գործողությունը։ Այստեղ արդեն ունենք վերարտադրվող կրկնվող բռնության մոդել»,-ասում է նա։
Ըստ նրա՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարվա առաջին կիսամյակում ունենք 11-ով ավելի ընտանեկան բռնությունից տուժած երեխայի դեպք. «Սա նշանակում է, որ նույն ինքնամեկուսացման պայմաններում, տանից դուրս չգալով երեխան ընտանիքում առավել է տուժում»։
Հիշեցնենք, որ Խաշթառակի Հակոբջանյանների ընտանիքում մեծացող 7 երեխաները Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ճանաչվել են տուժողներ:
Քրեական գործով ձերբակալվել են երեխաների պապը և նրա դուստրը՝ երեխաներից 5-ի մայրը: