Լիբանանահայերին մենք չենք բերում, իրենք են գալիս. եթե բերեինք, դա կլիներ պետական մակարդակի հայրենադարձություն. Սինանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են Հայաստան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը: Նա նաև հավելեց, որ հոսքը շրունակական է, իսկ այժմ շաբաթը 2 անգամ թռիչք կա Բեյրութից Հայաստան, որոնք համարյա լիքն են գալիս:
« Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա՝ Լիբանանում տնտեսական ճգնաժամից ու պայթյունից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Հետեւաբար, կզարմանաք, թե քանի մարդիկ են առաջարկում իրենց տները: Մարդիկ կան, որ իրենց հանգստյան տներն են առաջարկում: Այսինքն՝ փոքր ծավալներով կարողանում ենք հոգալ բոլորի կարիքները»,-ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերի մեկից շրջանառության մեջ կդրվի փաթեթը, որով կունենանք նաև այլ լուծումներ։
Սինանյանը միևնույն ժամանակ նշեց, թե լիբանանահայերին իրենք չեն բերում Հայաստան, այլ նրանք են գալիս. Եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ: Այս պահին որոշ լիբանանահայեր նախընտրում են գալ եւ բնակություն հաստատել իրենց պատմական հայրենիքում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ են հեռացվել գրասենյակի շուրջ 10 աշխատակիցներ, և ինչպիսի՞ն են հարաբերությունները աշխատակիցների հետ, Սինանյանն արձագանքեց, որ աշխատակիցները հեռացվել են իրենց առաջարկության հիման վրա, բայց նրանց հետ հարաբերություններում որևէ խնդիր չի եղել.
«Մեզ մոտ կոնֆլիկտներ չեն լինում: Սա Բոլշևիկյան Ռուսաստանը չէ, ոչ էլ ինչ-որ վայրի հասարակարգ է, որտեղ աշխատողների հետ կռիվներ կամ վեճեր պետք է լինեն: Նման ձևով հարցեր չեն լուծվում: Արել ենք ամեն բան, որ մեր աշխատանքը հզորացնենք»,-ասաց նա: