«Սա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ». ովքեր կընդգրկվեն Աշխարհազորում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Աշխարհազորի ստեղծումը չի ենթադրում, որ քաղաքում կամ բնակավայրում շրջելու են զինված մարդիկ»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում․
«Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ բնակավայրում, կամ դրա սպառնալիք է առաջանում: Սա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ»,- ասաց Բալայանը:
Զենքի ստացումը, ըստ Բալայանի, ինքնանպատակ չի լինելու, աշխարհազորայիններին զենք տրամադրվելու է ըստ անհրաժեշտության։ Բալայանը փոխանցեց, որ աշխարհազորում նախատեսում են կցագրել մինչև 70 տարեկան անձանց, որոնց հետ պարբերաբար որոշակի վարժանքներ են իրականացվելու, իսկ զորակոչվելուց հետ ստանալու են զինծառայողի կարգավիճակ:
Դրանից հետո քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից: Նրա խոսքով՝ աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք, և այս առումով որևէ խտրականություն չի լինելու․
«Նախատեսում ենք, որ կանայք էլ կներգրավվեն աշխարhազորում։ Ճիշտ է, առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի»։
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի հետ համեմատականին և տարածված լուրերին, թե ԵԿՄ դժգոհ է այս նախագծից, Բալայնանն ասաց՝ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, և մեկը մյուսին կարող են փոխլրացնող լինել, ոչ թե խանգարող։ Հարցին, թե ինչու որոշվեց աշխարհազոր ստեղծել, ի՞նչն է փոխվել, փոխնախարարը նշեց, որ շատ բան է փոխվել` գործընթացները տարածաշրջանում, պաշտպանության մեր գաղափարը, հնարավորությունները:
Գաբրիել Բալայանը շեշտեց, որ աշխարհազորի առաջարկվող մոդելը զուտ հայկական է, չնայած այլ երկրների փորձը, իհարկե, ուսումնասիրված է: Նախագծի համաձայն` մարտական գործողությունների դեպքում հրամանատարներ են դառնում համայնքների ղեկավարների եւ մարզպետերի տեղակալները: Նախատեսվում է, որ այդ պաշտոնները կզբաղեցնեն պաշտոնաթող զինվորականները: