Որքան էլ շարունակվի հանրային դաշտում Ադրբեջանի դիվանագիտության դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակին չի իջնելու․ Աննա Նաղդալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին
Para.tv: Ադրբեջանը պաշտոնապես մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ։ «Մենք բացատրություններ ենք ակնկալում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ զինել Հայաստանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը և արդյո՞ք Հայաստանը չի նախատեսում հանդես գալ պատասխան հայտարարությամբ։
Աննա Նաղդալյան։ Գիտեք, վերջին շրջանում մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին։ Եվ այս առումով նշեմ՝ որքան էլ շարունակվի հանրային դաշտում Ադրբեջանի դիվանագիտության դեգրադացիան, հայկական կողմը այդ մակարդակին չի իջնելու։
Ըստ ադրբեջանական կողմի՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, տվյալ պարագայում՝ Հայաստանը և Ռուսաստանը չպետք է սերտ համագործակցություն ունենան նաև ռազմաարդյունաբերական ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ական թվականներին: Եվ պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը։
Armenia Today. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումը: Հանդիպման ժամկետների և օրակարգի մասին որևէ մանրամասներ հայտնի՞ են:
Աննա Նաղդալյան։ Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում, Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունել ավելի վաղ խաղաղ գործընթացի վերականգնման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի ցանկությունը, որը վերջինս հայտնել է Ռուսաստանի Դաշնություն այցի ժամանակ։ Ժամկետների մասով, ինչպես մենք մշտապես ասում ենք, որ, երբ կլինեն հստակ ժամկետներ, դրա մասին հանրությունը, ըստ կարգի, կտեղեկացվի։
Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հուլիսի 23-ին կառավարության նիստի ժամանակ, և այդ մոտեցումներում կենտրոնական տեղ է զբաղեցնում ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը։ Ըստ մեր գնահատականների, այդ մոտեցումները նաև առաջնահերթություն են ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և համանախագահող երկրների մոտ։
Armenia Today. Հուլիսյան ռազմական գործողություններից հետո Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ Թուրքիան սպառնալիք է իր հարևան տարածաշրջանների համար և փորձում է ապակայունացման քաղաքականություն արտահանել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում դիվանագիտական շրջանակներում այս մասին բարձրաձայնելու ուղղությամբ։
Աննա Նաղդալյան։ Գիտեք, հարցում նույնպես նշվում է, որ այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք աննկատ չեն մնացել և, ի դեպ, արժանացել են Թուրքիայի նյարդային արձագանքին: Սակայն այս առումով ընդգծեմ, որ մենք միայն հայտարարություններով չենք բավարարվել. ինչպես գիտեք, ՀՀ մշտական ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում շրջանառել է հայտագիր, որով կասեցվել է ԵՍԶՈՒ և Վիեննա փաստաթղթերի շրջանակներում թուրք տեսուչների այցերը Հայաստան:
Հարց. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային այլ գործընկերների հետ այս թեմայով քննարկումներ ունեցե՞լ է և այս առնչությամբ հարց է ուղարկել ՀՀ օրաթերթը․ կարող է արդյո՞ք այդ հայտարարությունը հիմք հանդիսանալ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված Թուրքիայի անդամության աննպատակահարմարության հարցը բարձրացնելու համար։
Աննա Նաղդալյան։ Թուրքիայի այս շրջանի դիրքորոշումների վերաբերյալ մենք հստակ արտահայտել ենք մեր մոտեցումները և դրանք արտահայտել ենք ոչ միայն հանրային դաշտում, այլև մեր միջազգային գործընկերների հետ շփումներում:
Թուրքիան իր պահվածքով կարծես իրեն ցանկանում է դիրքավորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորում է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիր, որը չի ճանաչում և անգամ արդարացնում է Հայոց ցեղասպանությունը փորձում է հանդես գալ՝ որպես տուժած կողմ:
Իսկ ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցին՝ նշեմ, որ Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա։ Այստեղ միանշանակորեն պետք է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։
Հարց. Հուլիսյան մարտերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում։
Աննա Նաղդալյան։ Գիտեք, մենք բազմիցս ենք հայատարարել, որ հրադադարի ամրապնդումը Հայաստանի առաջանահերթություններից է խաղաղ գործընթացում, առանց որի անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը:
Անտիֆեյք. Մելինե Հայրապետյան. 2020թ. հուլիսին Տավուշյան պետական սահմանային գոտում լարվածությունից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեցին խոսել միջազգային մոնիթորինգային համակարգի ներդրման մասին: Հարցն ինքնըստինքյան կրկնում էր դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո բանակցային սեղանին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններով ձևավորված օրակարգը` հակամարտության գոտում հավելյալ միջազգային դիտորդների ներգրավումը: Արդյո՞ք ստացվում է, որ հայկական կողմը վերադառնում է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի օրակարգին: Ինչու՞ նախորդ երկու տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և համատեղ հայտարարություններում այդ պայմանավորվածություններն այլևս չեն մեջբերվում և չեն հիշատակվում:
Աննա Նաղդալյան։ Գիտեք, այս հարցին, և կարծեմ հատկապես վերջին շրջանում, մենք բազմիցս ենք անդրադարձել և վերջին անգամ,անրադարձ կատարվել է հենց արտգործնախարարի կողմից Արամ Աբրահամյանին տրված հարցազրույցի ժամանակ: Հայաստանը մշտապես հանդես է եկել հրադադարի ռեժիմի ամրապնդման դիրքերից, և այդ տեսակետից կարևորել է հակամարտության գոտում ԵԱՀԿ ներկայության ընդլայնումը և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդնում:
Ադրբեջանը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված այս առաջարկությունների մերժմամբ՝ կամ բացահայտ կերպով, կամ էլ ներկայացնելով այնպիսի առաջարկներ, որոնք ինքնըստինքյան իմաստազրկել են դրանց իրականացումը: Սակայն հրադադարի ամրապնդումը մշտապես մնացել է խաղաղ գործընթացի օրակարգում, և դրա մասին է վկայում նաև 2019թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների մակարդակով կատարված հայտարարությունը, որտեղ հղում է կատարում հրադադարի ամրապնդման վերաբերյալ 2016թ. ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը և ընդգծվում է այս ուղղությամբ աշխատանքները իրականացնելու անհրաժեշտությունը:
Ինչպես վկայում է այս ամենը, այդ հարցը մշտապես եղել է մեզ համար օրակարգային, և մենք մշտապես հետամուտ ենք եղել դրա իրականացմանը: Այդ մասին ԱԳՆ-ն բազմիցս հայտարարություն է արել, մեկնաբանություն է եղել նաև ԱԳ նախարարի կողմից, որքան հիշում եմ այս նույն ձևաչափի շրջանակներում մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանելու: Այդ առումով, հրադադարի ամրապնդման առումով Հայաստանի կողմից ներկայացված գործուն, իրական առաջարկները շարունակում են մնալ օրակարգային և պետք է ընդգծեմ, որ այս առումով մեզ համար կարևորը դրանց իրականացումն է։
Սիվիլնեթ. Ստելլա Մեհրաբեկյան. Բելառուսում ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակում շատ է խոսվում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հավանական միջամտության մասին։ ՀԱՊԿ-ում Բելառուսին օգնելու անհրաժեշտության քննարկման դեպքում ո՞րն է լինելու Հայաստանի՝ որպես այդ կազմակերպության անդամի դիրքորոշումը։
Աննա Նաղդալյան։ Ընդհանրապես, Կազմակերպության իրավապայմանագրային դաշտի հիման վրա լիարժեքորեն համակարգվում է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային փոխօգնության մեխանիզմները՝ այն, թե ինչպես է այդ փոխօգնությունը նախաձեռնում, ինչպես են դրանք դրվում քննարկման, ինչպես են որոշումները կայացվում և ինչպես են, ի վերջո, դրանք իրականացվում։ Այս պահի դրությամբ հստակ կարող եմ ասել, որ Բելառուսի կողմից նման հայտ չի ներկայացվել, ուստի այդքան էլ կոռեկտ չէ և ժամանակային առումով վաղաժամ է որևէ գնահատական կամ պատասխան տալ, թե ինչ կլինի։
Սպուտնիկ Արմենիա: Նախատեսվում է արդյո՞ք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում մոտ ժամանակներս։
Աննա Նաղդալյան։ Ես կարծես թե արդեն անդրադարձա այդ հարցին, որ մենք նշել ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում և այս առումով, երբ որ լինեն հստակ ժամկետներ, ինչպես ընդունված է կարգը, դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով և միաժամանակ։
Սպուտնիկ Արմենիա: Արդյո՞ք Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են մեր զինծառայողին Ադրբեջանում։
Աննա Նաղդալյան։ Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ այցելություն չի եղել։ Աշխատանքներ են տարվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ գրասենյակի ներկայացուցիչների այցելություն կազմակերպելու ուղղությամբ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել:
Սպուտնիկ Արմենիա: Ինչպե՞ս է լուծվելու Վերին Լարսում կուտակված ՀՀ քաղաքացիների խնդիրը։
Աննա Նաղդալյան։ Նախ նշենք, որ մենք բազմիցս ենք նշել, որ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, քանի որ դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքն արգելող կառավարության որոշումը: Այդ առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել կանոնավոր հաճախականությամբ իրականացվող չվերթներից, հատկապես Ռուսաստանի հարավային շրջաններից՝ Միներալնիե վոդի, Ռոստով, Կրասնոդար, Սոչի և այլ քաղաքներից շաբաթը մի քանի անգամ իրականացվում են թռիչքներ, որի մասին մեր ներկայացուցչությունը մշտապես հայտնում է: Եվ հորդորում ենք մեր քաղաքացիներին կազմակերպել սեփական ավտոմեքենաների տեղափոխումը՝ հատուկ ծառայությունների միջոցով։ Այլ տարբերակ այս պահի դրությամբ, ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու, չկա և տեղեկություն չունենք՝ երբ դա հնարավոր կլինի: Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք օգտվել օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու հնարավարությունից։
5-րդ ալիք: Երկու հարց ունեմ, առաջինը վերաբերում է Արցախի խաղաղ գործընթացի բանակցություններին․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտին շատ ուղիղ հայտարարություն արեց, որ բանակցությունների սեղանին՝ Մոսկվայում, դեռ անցյալ տարի մարտին դրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում են հակամարտության լուծման փուլային տարբերակ, անգամ նշեց, որ առաջին փուլում ենթադրվում է ԼՂ հարակից տարածքների վերադարձ, տրանսպորտային միջանցքի ապաշրջափակում և այլն: Եվ այս ուղիղ հայտարարությանը, որքան ես հիշում եմ, ՀՀ ԱԳՆ-ից կոնկրետ պատասխան չի հնչել։ Ես կուզեի հիմա լսել, Դուք հաստատու՞մ եք այս տեղեկությունը, կա՞ նման փաստաթուղթ կամ փաստաթղթեր, թե ոչ և, եթե այո, ի՞նչ բովանդակություն ունեն։ Շնորհակալություն։
Աննա Նաղդալյան։ Մի փոքր Ձեզ ուղղեմ: Վերոնշյալ հայտարարությունը ՌԴ արտգործնախարարը արել է ոչ թե մարտին, այլ ապրիլին և նույն օրը ժամեր անց եղել է ՀՀ արտգործնախարարի պատասխանը, որում մասնավորապես վերջինս նշել է, որ չի կարող լինել ԼՂ հիմնախնդրի որևէ փուլային տարբերակ, որում Հայաստանի առաջնահերթությունները, այն է՝ Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը, մղվեն երկրորդ պլան:
Հուլիսյան մարտերից առաջ բազմիցս ենք նշել, որ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ։ Հուլիսյան մարտերից հետո մեր առաջնահերթությունը խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ ջանքերի գործադրումն է։ Մենք բազմիցս հստակ ներկայացրել ենք մեր գերակայությունները. դա Արցախի համապարփակ անվտանգության ապահովումն է և Արցախի կարգավիճակը՝ առանց որևէ սահմանափակման ինքնորոշումը՝ ժողովրդի ճանաչման միջոցով։
5-րդ ալիք: Ձեզ հայտնի չէ՞ր, թե ի՞նչ փաստաթղթերի մասին էր խոսում Սերգեյ Լավրովը։
Աննա Նաղդալյան։ Չէ, ես ներկայացնում եմ ՀՀ դիրքորոշումը, որն արտահայտվել էր պարոն Լավրովի հայտարարությունից ժամեր անց, որը ես այսօր կրկնեցի, իսկ արդյո՞ք ինչ փաստաթղթերի մասին է խոսել պարոն Լավրովը, ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել, թե ինչ է ի նկատի ունեցել այլ երկրի արտգործնախարարը, հատկապես, երբ իր հայտարարություններին կամ մտադրություններին տեղյակ չեմ։
5-րդ ալիք: Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր այն հայտնի հայտարարությունից հետո, որ ճապոնացիները՝ չինացիների և կորեացիների սինթեզն են և մեծ հաշվով ինձ հետաքրքիր է ՀՀ ԱԳՆ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում գուցե դասեր, մաստերկլասսներ մեր իշխանության ներկայացուցիչների համար, որպեսզի նրանց հայտարարությունները միջպետական սկանդալների առիթ և պատճառ չդառնան և հիշենք իշխանության այն պատգամավորի հայտնի արտահայտությունն ԱԺ ամբիոնից, որ մեր հարևան Իրանը ավտորիտար երկիր է կամ Առողջապահության նախարարի այն պնդումը, որ Վրաստանում կորոնամահերի և վարակակիրների քիչ թիվը պայմանավորված է ընդամենը երջանիկ պատահականությամբ։ Շնորհակալություն։
Աննա Նաղդալյան։ Նշեմ, որ պարոն Սինանյանը հանդիսանում է ՀՀ կառավարության՝ գործադիր իշխանության մաս, ինչպես ՀՀ ԱԳՆ-ն: Առաջինը կոռեկտ չէ կառավարության մեկ անդամին հրավիրել մյուս անդամի մոտ, դա ընդունված չէ: Կառավարության բոլոր անդամների մոտ կա տարբեր հարցերի շուրջ սերտ համագործակցություն: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ՀՀ Կառավարության 2019թ. սեպտեմբերի 12-ի N 1267-Ն որոշմամբ սահմանվում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը, որով ԱԳՆ-ն արտաքին քաղաքականության ոլորտում իր աջակցությունն է տրամադրում կառավարության բոլոր անդամներին, բոլոր գերատեսչություններին: Նաև նշեմ, որ սերտ համագործակցություն կա ԱԺ-ի հետ՝ տարբեր խմբակցությունների և անհատ պատգամավորների հետ, ուստի մեր համագործակցությունն արտաքին քաղաքական ոլորտում շարունակվում է։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Սինանյանի հայտարարությանը, մենք այն դիտարկում ենք, որպես իր կողմից արված անձնական հայտարարություն։
Հարց։ Հարցս վերաձևակերպեմ, այդ հայտարարությունից հետո արտգործնախարարի և Սինանյանի միջև որևէ զրույց եղե՞լ է։
Աննա Նաղդալյան։ Նախարար Մնացականյանի և պարոն Սինանյանի միջև այս օրերին տարբեր հարցերի շուրջ շփումներն ու զրույցներն ամենօրյա բնույթ են կրում, սակայն ես չգիտեմ արդյոք հատուկ անդրադարձ արվել է այդ հարցին, թե ոչ: