Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես «ԲՀԿ»-ում հիմնադիր եմ և դուրս չեմ գալու խմբակցությունից. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Միքայել Մելքումյանը չի պատրաստվում դուրս գալ ԲՀԿ-ից:

«Ես ԲՀԿ-ի հիմնադիր եմ եւ ոչ մի դեպքում դուրս չեմ գալու», այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ինքը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն․

«Ես ոչ միայն քաղաքականություն իրականացնող, այլ նաեւ քաղաքականություն մշակող անձ եմ: Ինչի՞ պետք է դուրս գամ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե հանրահավաքների պատրաստվող ԲՀԿ-ն գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, Մելքումյանն արձագանքեց. 

«Ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ ուրիշի ասածները: Իրենց կարծիքն է, մենք էլ շատ բաներ ենք ասում: Երկրորդ, ԲՀԿ-ն առաջին անգամ չի, որ հանրահավաքներ է անում, միշտ էլ արել է: Ինքնուրույն օրակարգ է մշակում, ինքնուրույն ուժ է: Տարբեր ուժեր կգան, կգնան, ԲՀԿ-ն միշտ մնալու է: Իհարկե, ինձ համար անընդունելի է, որ ԲՀԿ-ն պետք է ինչ-որ տեղից ուղղորդված լինի»:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ 2015-ին Լեւոն տեր-Պետրոսյանը Ծառուկյանին համոզեց պահանջել իշխանությունների հրաժարականը, Մելքումյանն ասաց. 

«Համոզելը քաղաքական կատեգորիա չի: Եթե ուզում եք հետ գնալ 2015, ապա այն ժամանակ իրավիճակն այլ էր: Եթե հիշում եք, պայքարն ավելի վաղ սկսվեց,  բերեց, հանգեցրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ու շարունակություն եղավ»։

Ինչ վերաբերում է «Հարենիք» և ՀՅԴ կուսակցությունների հետ համագործակցությանը և ընդհանուր օրակարգին, Մելքումյանը նշեց․

«Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննադատում է իշխանության գործելաոճը, դա ինքնանպատակ չէ: Միայն մենք չենք նկատում իշխանության սխալները, էլի քաղաքական ուժեր կան: Այն ուժերը, որոնք մատնանշում են այս սխալները, որոշակի քննարկումներ են ունենում և օրակարգ ձևավորում: Մենք ասում ենք, որ վատ լինելու չափ կա, եթե այդ չափը անցնում են, պետք է հնչի այն, ինչ հնչում է», - ասաց Մելքումյանը:

Մելքումյանը սեփական քաղաքական ուժի շանսերին գնահատական տալ հրաժարվեց, ասաց՝ ժամանակը ցույց կտա։

ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ ներդրումների արտահոսքը մեր երկրում մինուս 18 մլրդ դրամ է, իսկ ՀՀ պատմության մեջ նման բան չի եղել։