Օպերատորը կլինի Զարգացման բանկը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ այսօր ստորագրվել է համաձայնագիր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը։
Համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացում Հայաստանում։
Ստորագրվել են նաեւ Համագործակցության հուշագրեր Եվրասիական զարգացման բանկի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «ՀայՌուսգազպրոմ», «Հարավկովկասյան երկաթուղի», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-երի հետ։
Ի դեպ, Հայաստանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ։
«Մենք արդեն նախապատրաստել ենք մի քանի նախագծեր, որոնք ներկայացվել են բանկի ղեկավարության քննարկմանը։ Հարցը, թե ինչպես ակտիվացնել բանկի գործունեությունը, քննարկվում է նաեւ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների եւ ֆինանսների նախարարների մակարդակով,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նաեւ տեղեկացրել, որ ԱՊՀ շրջանակներում ստեղծված Հակաճգնաժամային հիմնադրամի օգտագործման օպերատորը նույնպես կլինի Եվրասիական զարգացման բանկը, իսկ դա նշանակում է, որ «բանկի գործունեությունը կարող է լինել բազմապլան, բազմաֆունկցիոնալ»։