Սամվել Բաբայան.«Սպասենք Հայաստանում փոխեն, հետո համահունչ Սահմանադրություն ունենանք,որ չհակասենք» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախը մինչև այժմ արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մի քայլ չի կատարել: Արցախի Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանն ասաց երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը.
«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը.այս երեսուն տարիների ընթացքում, թող ես ձեզ նորություն ասած չլինեմ,որևիցե գործողություն արված չի եղել : Մենք բոլորս այստեղ նստած քաղաքացի ենք,ովքեր գիտեն,որ մենք Ադրբեջանի կազմում չենք եղել,էդ փաստաթղթերում գրված է:Հենց գալիս է ժամանակը,ասում ենք հանեք էդ փաստաթղթերը,ասում են՝փաստաթղթերը չկան,ոչ մի հիմնավորում չունենք,ոչ մի աշխատանք չի կատարվել»։
Ըստ նրա՝ իրենք հիմա լուրջ աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ։
«Մենք թե՛ Հայաստանում,թե՛ արտասահմանում զբաղվում ենք այդ հարցով.մեզ պետք են 60 արխիվային փաստաթղթեր, որոնցով կարող ենք հիմնավորել,որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն բառը երեք սկզբունքից պետք է դուրս գա: Մեծ աշխատանք է տարվում,և ես վստահ եմ,որ նոր տարուց ձեզ համար պարզ կլինի ինչ աշխատանք ենք տարել,ինչով ենք զբաղվել,արդյոք արդարացված են այն հաստիքները,որ մեզ են տրվել»,-ասաց նա։
Հանդիպմանը ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հարց ուղղեց հուշագրից, որը կնքել էր մայիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
Դավիթ Գալստյանը հարցրեց՝ հնարավո՞ր է ներկայացնել հուշագրում առկա 5 կետերը, քանի որ հուշագրի տեքստը հրապարակված չէ։
«Ինչ վերաբերում է հուշագրի տեքստը հրապարակելուն,մենք դրան դեմ չենք: «Ազատ Հայրենիքից» պետք է հարցնեք,իրենց հետ բանակցեք.ես նման խնդիր չունեմ հրապարակելու կամ չհարապարակելու: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը պետք է որոշում կայացնի,քանի որ սկզբունքորեն այն ժամանակ համաձայնության ենք եկել չհրապարակել,բայց մեր ընկերը դաշնակցությունից եկել է ինձ մոտ և ծանոթացել է տեքստին,տեղյակ է ՝ինչի մասին ենք ստորագրել,արտառոց ոչինչ չկա,շատ հստակ.այն,ինչի մասին ես խոսում եմ այդ ճանապարհն է»,- ասաց Սամվել Բաբայանը՝ շրջանցելով հարցի՝ հուշագրի կետերին վերաբերող հատվածը:
Դավիթ Գալստյանը հետաքրքրվեց ՝ արդյո՞ք օրակարգում է սահմանադրական փոփոխությունների հարցը, որի մասին Սամվել Բաբայանը խոսում էր նախընտրական շրջանում։
«Սահմանադրական փոփոխությունը նախաձեռնող կետերից մեկն է: Ինչպես գիտեք՝ Հայաստանում Սահմանադրություն է մշակվում,որ փոփոխվի:Մենք գտնում ենք,որ սպասենք իրենք փոխեն, հետո համահունչ Սահմանադրություն ունենանք,որ չհակասենք,խնդիրներ չառաջացնենք»,- ասաց Արցախի ԱԽ քարտուղարը։