Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բացառված է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի որևէ փաստաթուղթ հայտնվի ինչ-որ օգտատիրոջ մոտ․ պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը բացառում է, որ իրենց հանաձնաժողովից հնարավոր է արտահոսք լինի․

 «Բացառված է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի որևէ փաստաթուղթ հայտնվի ինչ-որ օգտատիրոջ մոտ»,-նշեց նա՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի թիմակից Գարիկ Ղազարյանի գրառման վերաբերյալ հարցադրմանը։

Հիշեցնենք՝ օգտատերը գրառում էր արել, թե իր աչքով ընկել է Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն և մանրամասնել դրանց բովանդակությունը։ Ավելի ուշ օգտատերը գրառում արեց և հերքեց՝ նշելով, որ իր տեքստում եղել է վրիպակ։

«Մենք մի քանի անգամ անուղղակի կերպով ասել ենք, որ Ապրիլյանի ժամանակ նախնական փուլում զենքի և սպառազինության խնդիր չի եղել, բայց այլ հարց է՝ հետագայում ինչքան պետք է համալրվեր, ոնց պետք է համալրվել, բացի այդ ասել ենք, որ հերքվել է այն պնդումները, թե տանկերի մեջ ջուր է եղել, և զարմանալի է նաև՝ նախկին վարչապետի հայտարարության հիմքը ինչն է եղել»,-նշեց Արմեն Խաչատրյանը։ Նա նաև հիշեցրեց, որ օրենքով սահմանված կարգով որևէ արտահոսքի դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն։

Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին և վերջին շրջանում՝ «օրենքով գողերին» բերման ենթարկելու դեպքերին, պատգամավորն ասում է․

«Եթե կան հարուցված քրեական գործեր, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում, սա նշանակում է, որ քրեական ենթամշակույթը քրեականացնելու օրենքը արդեն գործում է և կյանքի է կոչվում, այլ տարբերակ էլ չկար, օրենքը պետք է գործեր»։

Խաչատրյանի խոսքով՝ շատուշատ մեր հայրենակիցներ, դատապարտելով քրեական ենթամշակույթը, միևնույն ժամանակ իրենց գործունեությամբ նպաստում են այդ մշակույթի ձևավորմանը․

«Շատ կարևոր է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, հաղորդումները, ուսումնադաստիարակչական հաղորդումների շատ ցածր մակարդակը և բացակայությունը, հեռուստասերիալաների, գեղարվեստական ֆիլմերի  որոշակի ուղղվածությունը, որը ձևավորում է քրեական ենթամշակույթ, օրինակ՝ հայկական հեռուստասերիալները լկտիություն և անբարոյականություն  են սերմանում հատկապես երիտասարդության մեջ, սա ուղղակի խայտառակություն է»։

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման դեպքերին, պատգամավորն ասում է՝ այսօր շատ դժվար է քաղաքացուն խոշտանգել ու դրա համար պատասխանատվության չենթարկվել, գրեթե անհնար է․

«Բայց պետք է հաշվի առնել, որ իրավապահ մարմինները պարտավոր են որոշակի իրավիճակներում ուժ կիրառել և ուժի կիրառումը արդեն ենթադրում է ֆիզիկական սահմանափակումներ, չպետք է նույնականացնել ֆիզիկական սահմանափակումները, եթե այդ ուժի կիրառումը եղել է իրավաչափ»։

Պատգամավորի խոսքով՝ բոլորը պետք է հասկանան, որ որոշակի սահմանից հետո հնարավոր է ուժ կիրառել։