Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: 

 

Ողջունելով պարոն Էռնեկյանին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում: Մենք այս ընթացքում նաև հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները և Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»

 

Պարոն  Էռնեկյանը նշել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը և կարևորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:      

 

Վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

 

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։